Հայաստանը դարձել է առաջատար Ռուսաստանից հարեւան երկրներ դրամական փոխանցումների ծավալով. News.am
Հայաստանն առաջատար է դարձել Ռուսաստանից հարեւան երկրներ դրամական փոխանցումների ծավալով, օգոստոսի տվյալներով՝ փոխանցումները գերազանցել են 30 մլրդ ռուբլին։ Այս մասին տեղեկացրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով հանրապետությունների կենտրոնական բանկերին։ Հաշվարկների ժամանակ օգտագործվել են այն երկրների կենտրոնական բանկերի փոխանցումների տվյալները, որոնք հաշվի են առել տրանզակցիաները բանկային ենթակառուցվածքով եւ/կամ դրամական փոխանցումների համակարգի միջոցով։
2023թ. օգոստոսի արդյունքներով՝ Ռուսաստանից Հայաստան ուղարկվել է 32,8 մլրդ ռուբլուն համարժեք գումար, ինչը 7,2 անգամ ավելին է 2021թ. միջին ամսական փոխանցումների համեմատ։ Համեմատության համար. 2022թ. սեպտեմբերին այդ ցուցանիշը 24,8 մլրդ ռուբլու մակարդակի էր։ 2023թ. փետրվարին այն ամենամեծն է եղել, երբ փոխանցումների ծավալը հասել է 44 մլրդ ռուբլու։ Նշվել է, որ Հայաստանի ԿԲ-ն հաշվի է առնում ոչ միայն ֆիզիկական, այլեւ իրավաբանական անձանց փոխանցումները։
Վրաստանում եւ Ղազախստանում փոխանցումների ծավալը կրճատվել է ՌԴ-ում հայտարարված մասնակի զորակոչի հետ կապված։ Օգոստոսին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 5,7 մլրդ ռուբլի կամ 2021թ. միջին ամսական ծավալի 228 տոկոսը։ 2022թ. հոկտեմբերին եւ դեկտեմբերին աճը կազմել է 736 տոկոս եւ 840 տոկոս համապատասխանաբար։ Դեկտեմբերին Ռուսաստանից Վրաստան փոխանցումների ծավալը կազմել է առավելագույնը՝ 21 մլրդ ռուբլի, ինչից հետո այս ցուցանիշն սկսել է նվազել։
Ավելին՝ news.am