ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է Արցախ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Նրանք այսօր առավոտյան անցել են Աղդամով (Ակնա) և ուղևորվել դեպի Ստեփանակերտ։
Նշվում է, որ առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և գնահատել բնակիչների մարդասիրական կարիքները:
Հիշեցնենք` ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ էր մեկնել նաև հոկտեմբերի 1-ին, երբ հայերն արդեն զանգվածաբար լքել էին իրենց տները: Ադրբեջանում ՄԱԿ–ի համակարգողի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված էին Թուրքիայի, Պակիստանի և Հունգարիայի ներկայացուցիչները։
Այցից հետո ՄԱԿ–ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ստեփանակերտում հանրային շենքերի վնասման հատկանիշներ չեն հայտնաբերել և ապշած են, որ տեղի բնակիչներն անսպասելի հեռացել են իրենց տներից։ Նրանք ենթադրել էին, որ Արցախում 50-1000 էթնիկ հայ է մնացել։
Մի քանի օր անց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով ԱԺ–ում, հայտարարեց, որ ՄԱԿ–ը հայտարարություն է պատրաստում, որտեղ, ի թիվս այլ բաների, կնշվի, որ Լեռնային Ղարաբաղ մեկնած առաքելության անդամների եզրակացությունը չի արտահայտում իրենց տեսակետը:
Հավելենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ և դրանից անմիջապես հետո, ինչպես նաև Լաչինի միջանցքի շրջափակման ամբողջ ընթացքում, որն ավելի քան 9 ամիս տևեց, Բաքուն ՄԱԿ–ի ներկայացուցիչներին մերժում էր առաքելություն ուղարկելու հարցում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am