Ռուսաստանից գնացել են, բայց Հայաստանում ուզում են ակտիվանալ․ Աշխարհի խոշորագույն կրիպտո-բորսայի ծրագրերը

Ռուսաստանից գնացել են, բայց Հայաստանում ուզում են ակտիվանալ․ Աշխարհի խոշորագույն կրիպտո-բորսայի ծրագրերը

Binance-ը Հայաստանում  ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների ու պետական մարմինների հետ արդեն երկու հանդիպում է ունեցել՝ ցանկանալով երկրում լիցենզավորվել։ Առուվաճառքից բացի, ընկերությունն ուզում է իր բլոկչեյն-տեխնոլոգիաներն առաջարկել տեղական պրոդուկտների համար, ինչպես նաև՝ բացել բիզնես-ինկուբատոր։

Աշխարհում կրիպտոարժույթների խոշորագույն բորսան՝ Binance-ը, որը վերջերս դուրս է եկել Ռուսաստանի շուկայից, շարունակում է իր ծրագրերը ԱՊՀ տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում։

Այս երկրներում կրիպտոարժույթի տարածումը (adoption rate) արդեն իսկ բավականին բարձր է, և Հայաստանը բացառություն չէ։ Եթե նախկինում մեզանում այս ոլորտը հիմնականում ներկայացված էին անհատների «չենջերով» (ինչպես 90-ականների սկզբին՝ սովորական արտարժույթի շուկայում), ապա հիմա Երևանում արդեն գործում է մի քանի կրիպտո ATM։

Անցյալ աշնանը բորսայի ներկայացուցիչները ճանաչողական հանդիպում էին անցկացրել Հայաստանում՝ ոլորտի մասնագետների, պետական մարմինների, այդ թվում՝ իրավապահների հետ։ Ղազախստանում ընկերությունն արդեն իսկ ստացել է լիցենզավորում, հիմա այդ ուղով է գնում Ղրղըզստանում, Ուզբեկստանում, նաև Վրաստանում։

«Մենք, իհարկե, հասկանում ենք Հայաստանի Կենտրոնական բանկին ինչպես և ցանկացած երկրում, այն պետք է լինի պահպանողական, որպեսզի ապահովի իր տնտեսության կայունությունը։ Մեր փաստարկն այն է, որ բլոկչեյն տեխնոլոգիան երաշխավորում է գործարքների թափանցիկությունը և թույլ չի տալիս դրանք վավերացնել առանց համակարգի բոլոր մասնակիցների տեսանելիության», - նշում է Վլադիմիր Սմերկիսը (ընկերության ԱՊՀ տարածաշրջանի նախկին տնօրենը, որը հարցազրույցի պահին զբաղեցնում էր այդ պաշտոնը և հանդես էր գալիս ընկերության անունից)։

Բացի այդ, որևէ երկրում լիցենզավորումն անհնար կլինի, եթե չպահպանվեն բոլոր միջազգային պատժամիջոցները, հաճախորդների ստուգման գործընթացները (KYC), ինչպես նաև՝ չստուգվի հաճախորդների քաղաքական ասոցացվածությունը (politically exposed persons)։

Այս ամբողջ վերահսկողությունը բորսան պահպանում է ոչ միայն իր առուվաճառքի հարթակում, այլև հետևում է, թե իր վճարային տեխնոլոգիաների վրա կառուցված հավելվածները ինչպիսի՞ կայքերում են գործարկվելու կամ դրանց հիմքով ինչպիսի՞ ֆինանսական պրոդուկտներ են առաջարկվելու։

Հայկական ընկերություններին նախատեսվում է նաև հասանելի դարձնել Binance labs ինկուբատորը, որտեղ բլոկչեյնով կամ կրիպտոյով աշխատող, կամ էլ՝ այդ ոլորտի լուծումներ նախագծող ստարտափերը կարող են ստանալ ներդրումներ և բիզնեսի զարգացման խորհրդատվություն (մենթորություն)։

Վերջապես՝ բորսան նախատեսում է Հայաստանում էլ սկսել համագործակցություն բուհերի հետ։ Աշխարհում նման ծրագրեր Binance-ն ունի մի շարք բուհերի, այդ թվում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ,  իսկ տարածաշրջանում՝ Ղազախստանի բուհերի հետ։