ԱՄՀ-ն նվազեցրել է Չինաստանի ՀՆԱ-ի աճի 2023-ի և 2024-ի կանխատեսումը

ԱՄՀ-ն նվազեցրել է Չինաստանի ՀՆԱ-ի աճի 2023-ի և 2024-ի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Չինաստանի ՀՆԱ-ն այս տարի կաճի 5%-ով, իսկ հաջորդ տարի աճը կկազմի 4.2%: Այս մասին ասվում է հիմնադրամի՝ Վաշինգտոնում ներկայացված համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում։

ԱՄՀ-ն, սակայն, հուլիսյան գնահատականների համեմատ վատթարացրել է Չինաստանի ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 0.2 տոկոսային կետով, իսկ 2024-ինը՝ 0.3 տոկոսային կետով:

Հիմնադրամը կարծում է, որ Չինաստանում «անշարժ գույքի ոլորտում շարունակվող թուլության» նշաններ կան: Զեկույցում սա համարել են «աճը զսպող հիմնական գործոն»: ԱՄՀ փորձագետները կարծում են, որ Չինաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Country Garden-ը կանգնած է իրացվելիության լուրջ ճգնաժամի առաջ, ինչը վկայում է «կառուցապատողների շրջանում անշարժ գույքի հետ կապված խնդիրների տարածման մասին»։

«Կառուցապատողները ֆինանսավորման լուրջ դժվարություններ են ունենում, ինչը նրանց թույլ չի տալիս ավարտին հասցնել նախավաճառված տները, ինչը խաթարում է բնակարանների գնորդների վստահությունը և շարունակական դարձնում անշարժ գույքի ոլորտում անկումը», – նշվում է փաստաթղթում։

Սպառման վրա բացասաբար ազդող գործոնների թվում հիմնադրամի մասնագետները նշում են նաև «անորոշությունը աշխատաշուկայում, ինչի մասին է վկայում երիտասարդների գործազրկության աճը, որը 2023 թվականի հունիսին գերազանցել է 20%-ը»։

Հիմնադրամի մասնագետները կարծում են, որ Չինաստանում «սպառողների վստահությունը մնում է թույլ»։ Արդյունաբերական արտադրությունը, բիզնես ներդրումները և արտահանումը նույնպես թուլանում են՝ արտացոլելով ավելի թույլ արտաքին պահանջարկի և աշխարհաքաղաքական անորոշության համակցությունը:

Աղբյուրը՝ b24.am