Վաչե Տերտերյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ռոբին Վագիների գլխավորած պատվիրակությանը

Վաչե Տերտերյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ռոբին Վագիների գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է ԳԴՀ կառավարության Հարավային Կովկասի, Մոլդովայի Հանրապետության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ միջհասարակական համագործակցության համակարգող, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ռոբին Վագիների գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ առկա է հայ-գերմանական լավ համագործակցություն՝ մասնավորապես միջմարզային, միջհամայնքային և հասարակական կազմակերպությունների հետ և հույս հայտնել, որ այս հանդիպումը ավելի կամրապնդի և կզարգացնի երկու երկրների հարաբերությունները:
Գերմանական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հետաքրքրվել է ՀՀ տնտեսության, ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, էներգետիկ ոլորտի, բռնի տեղահանվածների կեցության հարցերով:
Տերտերյանը նշել է, որ Գերմանիան աջակցում է Հայաստանին իրականացվող բարեփոխումներում՝ մասնավորապես տեղական ժողովրդավարության մակարդակում, ենթակառուցվածքների զարգացման ուղղություններում և ներկայացրել է մի շարք հաջողված ծրագրեր, որոնք իրականացվել և իրականացվում են գերմանական GIZ-ի և KFW-ի հետ:
Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ՀՀ կառավարության կողմից տրվող աջակցության մասին, խոսել առկա խնդիրների, կարիքների մասին:
Ռոբին Վագիները նշել է, որ Գերմանիան ցանկություն ունի աջակցելու և կանգնելու Հայաստանի կողքին և պայմանավորվածություն է ձեռք բերվել կարիքները գնահատելուց հետո ունենալ հանդիպում-քննարկումներ:
Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս: