Դեպի ՌԴ հայկական կոնյակի արտահանման խնդիրները քաղաքական ենթատեքստ չունեն. Փաշինյան
Դեպի Ռուսաստան հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները քաղաքական ենթատեքստ չունեն։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ խնդիրները շատ ավելի առաջ են ծագել և հիմա, ըստ էության, կարգավորվել են», – ասաց նա։
Վարչապետը հերքեց այն խոսակցությունները, թե ՌԴ–ն փակում է իր շուկան ՀՀ–ի առջև։ Նա հավաստիացրեց, որ ԵԱՏՄ շրջանակում բոլոր տնտեսական հարաբերությունները կարգավորվում են։
«Վերջին 20 տարվա ընթացքում քանի՞ անգամ է նման իրավիճակ եղել։ 100–ավոր անգամներ։ Ու ամեն անգամ եզրակացություններ անելու համար պետք է նրբություններին ծանոթ լինենք», – ասաց Փաշինյանը։
Նա տնտեսվարողներին կոչ արեց այս հարցում ավելի մեծ սկզբունքայնություն դրսևորել և լրջորեն հետևել որակի ստանդարտներին։ ՀՀ վարչապետի խոսքով` եթե որակի ստանդարտները լինեն պատշաճ, ապա շուկաների բացել–փակելու խնդիր չի լինի։
Հիշեցնենք` հայկական կոնյակի նկատմամբ հսկողությունը սկսվել է այս տարվա մարտ-ապրիլից, իսկ հոկտեմբերի 1-ից Վերին Լարսի անցակետում հսկողությունն ուժեղացվել է։ Ռուսական կողմը դա պայմանավորում է նրանով, որ կոնյակի որակի հետ կապված խախտումներ կան և ստիպված են սահմանին ավելի խիստ հսկողություն իրականացնել, որ անորակ կոնյակ չմտնի ՌԴ։ Ըստ ռուսական կողմի՝ բավականին հաճախ են նման խախտումներ հայտնաբերվում։
Կոնյակով բեռնված տասնյակ մեքենաներ սեպտեմբերի 25-ից մի քանի օր մնացել էին Վերին Լարսի անցակետում` սպասելով փորձաքննության պատասխանին։
Աղբյուրը՝ armeniasputnik.am