Ռաֆայել Գևարգյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար նախատեսվող ծրագրերը

Ռաֆայել Գևարգյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար նախատեսվող ծրագրերը

«Բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ գաղափարների փոխանակում ենք իրականացրել՝ ներկայացնելով այն ծրագրերը, որոնք արդեն իսկ  մշակել ենք։ Կարծում եմ, որ այդ ծրագրերի շնորհիվ մենք կկարողանանք լուծել հիմնական խնդիրները», - այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ հանդիպման արդյունքների և իրականացվող ծրագրերի վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:

Գևորգյանի խոսքով՝  օրերս գերատեսչությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են  հարկային համակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ արցախցի գործարարների անխափան գործունեությունը կազմակերպելու նպատակով: 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների համար հասանելի կլինեն ինչպես արդեն իսկ գործող պետական աջակցության ծրագրերը, այնպես էլ նոր ծրագրեր, որոնց շրջանակում բռնի տեղահանվածների համար կգործեն արտոնյալ պայմաններ։ Նախատեսվում են ծրագրեր, որոնք կխթանեն Հայաստանում մասնավոր հատվածի զարգացումը:  

Էկոնոմիկայի փոխնախարարն իրականացվող միջնաժամկետ ծրագրերի շարքում որպես լայնամասշտաբ ծրագրիր նշեց տնտեսական արդիականացման միջոցառումը, որը  միաժամանակ գործել է Հայաստանի և Արցախի քաղաքացիների համար և որի շրջանակներում արդեն իսկ կնքվել է ավելի քան 2 500 վարկային պայմանագիր՝ շահառուներին հասանելի դարձնելով 400 միլիոն դոլարից ավել միջոցներ արտոնյալ տոկոսներով:

Բանկային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրից օգտվող փոքր ու միջին ձեռնարկատերերը օժանդակություն են ստանում կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան սուբսիդավորմամբ:

Ֆինանսավորումը իրակականացվում է  ըստ ոլորտային տեղաբաշխվածության։ Առաջատար ոլորտներն են  մշակող արդյունաբերությունը, շինարարությունը, էներգետիկայի, ծառայության ոլորտները: Ֆինանսավորումը վերաբերում է գրեթե բոլոր ոլորտներին, բացառությամբ առևտրի: Հայաստանում այս ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի որպես աշխատուժ ներգրավվել այն ոլորտներում, որտեղ կլինի դրա պահանջարկը:

Ոլորտային վերլուծությունները ցույց են տվել, որ թեթև արդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ տեքստիլի, կաշվեգործության, կահույքագործության և մնացած այլ ոլորտներում, առկա աշխատուժի խիստ պակասի պայմաններում առաջանում է որակյալ կադրերի պահանջարկ, որն իրենից ենթադրում է նաև վերապատրաստման, վերաորակավորման դասընթացների կազմակերպում։  Այս ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:  

Չնայած ավելի քան 100 հազար արցախցի մեր հայրենակիցների բռնի տեղահանմանը դեպի Հայաստանի Հանրապետություն, էկոնոմիկայի նախարարի տեղակալի հավաստմամբ, ելնելով տնտեսական աճի բարձր տեմպերից, պետության ֆինանսական միջոցներն այնուամենայնիվ բավարարում են բարեփոխումներն իրականացնելու համար:

Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրեց, որ անցկացվում են նաև միջազգային գործընկերների հետ քննարկումներ՝ նպատակ ունենալով հրավիրել միջազգային կառույցների ուշադրությունը, որպեսզի վերջիններս իրենց ֆինանսական ներդրումն ունենան ծրագրերում: