Լեռնային Ղարաբաղի հայաթափումը երբեք մեր պլանների մեջ չի մտել․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի հայաթափման հետ կապված որևէ ծրագիր չեն ունեցել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց Կառավարության նիստի ժամանակ։
«Պետք է արձանագրեմ, որ մեր միջազգային բոլոր գործընկերներից ստացվող առաջին ազդակը այս իրադրության հետ կապված հետևյալն է՝ նրանք ասում են, որ զարմացած են, թե ինչպես կարող է այսպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված անձ և Կառավարությունը ի վիճակի լինի առնվազն նրանց կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները հոգալ։
Մենք ի սկզբանե պլան չենք ունեցել, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայաթափումը երբեք մեր պլանների և մեր քաղաքական ցանկությունների՝ նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, չի մտել։ Նման խնդիր մեր օրակարգում չի եղել։ Ինչ-որ արվել է, գործնականում արվել է օրերի ընթացքում»,- ընդգծեց վարչապետը։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց հումանիտար կենտրոնի գործընկերներին, կառավարության անդամներին, բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, հասարակական կազմակերպություններին, կամավորներին։