Գյումրիում կայացավ աշխատանքի տոնավաճառ՝ Շիրակի մարզում բնակություն հաստատած բռնի տեղահանվածների համար

Գյումրիում կայացավ աշխատանքի տոնավաճառ՝ Շիրակի մարզում բնակություն հաստատած բռնի տեղահանվածների համար

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում հոկտեմբերի 12-ին կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ՝  Շիրակի մարզում բնակություն հաստատած ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աշխատանքի տոնավաճառին ներկայացված էին մարզում գործունեություն ծավալող 22 ընկերություններ՝ ավելի քան 100 առկա թափուր աշխատատեղերով։

«Մեկ հարթակում հավաքելով մարզի թափուր աշխատատեղերը՝ նպատակ ունենք աջակցել բռնի տեղահանված արցախահայերին հնարավորինս արագ աշխատանք գտնելու հարցում»,- նշեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ 13-ից բարձր տարիք ունեցողների համար էլ նախատեսված են մասնագիտական կողմնորոշման աշխատարաններ։

«Ես Ստեփանակերտում կարի ֆաբրիկայում եմ աշխատել։ Կոշիկից բացի, զինվորական համազգեստ, անկողնային պարագաներ ենք կարել։ Հիմա փորձում եմ հարմար աշխատանք գտնել։ Գիտեմ, որ Գյումրիում նման գործարաններ կան։ 8 անձով հիմա Գյումրիում ենք՝ ես, ամուսինս, որդիս ու հարսս ՝ բոլորս աշխատողներ ենք։ Հիմա էլ պետք է աշխատանք գտնենք, որ ապրենք»,- հայտնեց Արևիկ Դանիելյանը։

Տոնավաճառը կազմակերպել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ «Մանթաշյանց» գործարարների միության Գյումրու մասնաճյուղի, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, Գյումրու «Հայորդաց տան» հետ համատեղ։