Երևանը պետք է լինի բոլորի համար հարմար քաղաք. Ավինյանը խոստացավ շարունակել բարեփոխումները

Երևանը պետք է լինի բոլորի համար հարմար քաղաք. Ավինյանը խոստացավ շարունակել բարեփոխումները
Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմար քաղաք, իսկ քաղաքն այդպիսին կարող է դառնալ մի պարզ սկզբունք պահպանելով՝ հանրային շահի գերակայությունը՝ անհատական շահի նկատմամբ: Այս մասին Երևանի քաղաքապետարանում երդմնակալության արարողության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հայտարարեց, որ ընդունում է մայրաքաղաքի նախկին և ներկա դժվարություններն ու մարտահրավերները՝ գիտակցելով այն ոչ որպես բեռ, այլ՝ պատվի և պատասխանատվության, աշխատանքի ու առաքելության մանդատ:
Նա վստահեցրեց, որ անելու է հնարավորն ու անհնարինը, որ Երևանի բոլոր վարչական շրջանները համաչափ զարգանան և մարդկանց համար հարմարավետ քաղաք լինի։ Երևանցին իր խնդիրները բարձրաձայնելիս պետք է համոզված լինի, որ դրանք կլուծվեն՝ հիմքում դնելով հանրային շահը որպես սկզբունք:
«Հանրային շահի գերակայությունն է ստեղծելու Երևանի զարգացման համար այն ներդաշնակ միջավայրը, որտեղ մեր քաղաքը, պահպանելով իր յուրահատկություններն ու դիմագիծը, կնորացվի, կբարեկարգվի և էլ ավելի կգեղեցկանա», – ասաց Ավինյանը: 
Նա ընդգծեց, որ իրենց հանձնառությունն է, որ մանկապարտեզ, դպրոց, համալսարան կամ աշխատանքի գնացող մարդու առօրյա հոգսերը հնարավորինս նվազեցնեն՝ քաղաքը դարձնելով առավել հարմար և հասանելի:
Աղբյուրը՝  armeniasputnik.am