Սևանի ափամերձ գոտիներում մաքրվել է ջրածածկման ենթակա 12 հեկտար անտառային տարածք

Սևանի ափամերձ գոտիներում մաքրվել է ջրածածկման ենթակա 12 հեկտար անտառային տարածք

Սևանի ափամերձ գոտիներում 2023 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում ծառերից, արմատներից, բուսական այլ համակեցություններից «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ուժերով և միջոցներով մաքրվել է ջրածածկման ենթակա 12 հեկտար անտառային տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Կարեն Մնացականյանը, Սևանա լիճը գոտևորող ու ջրածածկման ենթակա անտառային տարածքների մաքրման աշխատանքներն այս տարի  իրականացվել են Վարդենիս համայնքի  Փամբակ, Արեգունի և Դարանակ գյուղերի հատվածներում։ Հոկտեմբերի առաջին կեսի դրությամբ մաքրման աշխատանքներն այս տարածքներում մոտենում են ավարտին, որից հետո դրանք կշարունակվեն արդեն  «Սևան Ազգային պարկ»-ի «Ախթամար» տեղամասում, Ծովագյուղ-Դրախտիկ հատվածում՝ շուրջ 16 հեկտարի վրա։ Անտառմաքրման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ։ Մաքրման աշխատանքներն իրականացվել են «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տրամադրության տակ գտնվող 4 միավոր տեխնիկաների օգնությամբ։