Արտաշատի համայնքապետարանը սեպտեմբերի 25-ից աշխատում է արտակարգ ռեժիմով

Այստեղ է կատարվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մեր համայնքում հանգրվանած քաղաքացիների հաշվառման, փաստացի գրանցման, կարիքների գնահատման, օգնության հավաքագրման և բաշխման ողջ գործընթացը:
Պետություն-համայնքապետարան համաֆինանսավորմամբ մեր հայրենակիցներին հատկացվում է պարեն և առաջին անհրաժեշտության պարագաներ:


Այս ընթացքում համայնքապետարանը համագործակցում է նաև տարբեր անհատների, բարերարների հետ, որոնց շնորհիվ նույնպես հնարավոր է լինում հասցեական օգնություն ցուցաբերել մեր հայրենակիցներին:
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամը, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ օգնության կետ է բացել նաև Արտաշատի մշակույթի տանը, որտեղ տրամադրվում է առաջնային բուժօգնություն, բժշկի խորհրդատվություն և դեղեր, այդ թվում` քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար:
Մեր հայրենակիցների աջակցության տրամադրման աշխատանքները համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ամենօրյա ուշադրության ներքո են, ով հաճախ է լինում ժամանակավոր կեցավայրերում, հաշվառման կենտրոնում, հետևում սննդի և օգնության բաշխման ողջ գործընթացին։ Աշխատանքներին անմիջական մասնակցություն են ցուցաբերում համայնքապետարանի աշխատակազմը, ենթակա հիմնարկների աշխատակիցները, կամավորներ։