Երբ հարյուր հազարավոր հայեր լքում էին ԼՂ-ն, անվտանգության ոլորտի մեր դաշնակիցները մեզ օգնելու փոխարեն ՀՀ-ում իշխանափոխության կոչեր էին անում

Երբ հարյուր հազարավոր հայեր լքում էին ԼՂ-ն, անվտանգության ոլորտի մեր դաշնակիցները մեզ օգնելու փոխարեն ՀՀ-ում իշխանափոխության կոչեր էին անում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում ժողովրդավարությունը շարունակել եւ շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ։ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում։

«Ժողովրդավարությունը Հայաստանում շարունակել եւ շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ, որոնք գործում են գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով. արտաքին ագրեսիա, ապա անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցների անգործություն, ապա պատերազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը տապալելու նպատակով օգտագործելու փորձեր, որն արտահայտվում է հիբրիդային տեխնոլոգիաներով ներքին անկայունություն հրահրելով՝ ուղղորդված արտաքին ուժերի կողմից»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ նման իրադրություններ 2020 թվականից ի վեր Հայաստանը մի քանի անգամ ունեցել է, որոնցից խոշորագույնը Ադրբեջանի լայնածավալ հարձակումն էր Հայաստանի վրա՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, որի հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա տեղի ունեցավ:

«Նմանօրինակ ամենաթարմ եւ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա: Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում:

Բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, եւ մեր պետության դեմ նյութված հերթական դավադրությունը ձախողվեց: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ, եւ պետք է արձանագրեմ, որ մենք այդ գործը պատվով կատարեցինք»,- եզրափակեց Փաշինյանը։

Աղբյուրը՝    armenpress.am