Եվրամիությունը վերջին տարիներին դարձել է Հայաստանի առանցքային գորընկերը․ Փաշինյանը խոսել է զարգացող երկկողմ հարաբերությունների մասին

Եվրամիությունը վերջին տարիներին դարձել է Հայաստանի առանցքային գորընկերը․ Փաշինյանը խոսել է զարգացող երկկողմ հարաբերությունների մասին

Եվրամիությունը վերջին տարիներին Հայաստանի կառավարության հիմնարար բարեփոխումներին աջակցող առանցքային գործընկերն է, և այդ համատեքստում «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» կարևորությունը, որը բարեփոխումների օրակարգի հենասյուներից մեկն է, գտնվում է ակտիվ իրագործման փուլում:

Եվրախորհրդարանում այս տեսակետն իր ելույթում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան երկկողմ հարաբերություններին։

«Այս տարվա փետրվարից Հայաստանում գործում է Եվրամիության երկարաժամկետ քաղաքացիական առաքելությունը, որը դիտարկում է անվտանգային իրավիճակն Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով: Սա կարորագույն իրադարձություն է, որով Եվրամիությունը առաջին անգամ ներգրավել է Հայաստանի անվտանգային օրակարգում, ինչի հիմքը դրվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ընթացքում»,- նշեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ ի թիվս ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների՝ ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանն իրականացնում է ոստիկանության բարեփոխումները և այս ամիս, ընդամենը երկու շաբաթից ավարտին կհասցվի բոլորովին նոր՝ պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանում: Հայկական կողմն ակնկալում է համագործակցության շարունակականություն ինչպես ոստիկանության, այնպես էլ փրկարար ծառայության, անկախ դատական համակարգի, կրթության և հանրային կառավարման բարեփոխումների ուղղություններով: 

«Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների օրակարգն իրականում շատ ծավալուն է. չափազանց էական է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերին նոր թափ ու ծավալ հաղորդելը, որի կարևոր նպատակներից են` կայուն և համաչափ  տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումը, թվայնացումն ու տեխնոլոգիական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության բարձրացումը: Վերջինը հատկապես կարևոր է թե՛ երկրի շարունակական զարգացման, թե՛ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման համատեքստում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են տարբեր ֆինանսական գործիքներով իրականացվող ավելի քան 400 մլն եվրո արժողությամբ ծրագրեր, որից շուրջ 270 մլն եվրոն ՓՄՁ ֆինանսների հասանելիության, շուրջ 34 մլն եվրոն` տեխնոլոգիական զարգացման, շուրջ 43 մլն եվրոն` Սյունիքի դիմակայունության բարձրացման և շուրջ 62 մլն եվրոն` Երևանի կանաչ զարգացման ուղղություններով»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն իր ելույթում ուրախությամբ ընդգծել է, որ դա ամենը չէ․ սույն թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար չափազանց կարևոր երկու փաստաթուղթ է ընդունվել: Դրանցից մեկը նախագահ Միշելի, նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի և ՀՀ վարչապետի քառակողմ հայտարարությունն է, մյուսը` նախագահ ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետի երկկողմ հայտարարությունը:

«Երկու հայտարարություններում աջակցություն է հայտնվում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Մենք հանձնառություն ենք ստանձնել առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի» ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ: Այս ամենի վրա հիմնվելով՝ կարող եմ հստակ և համոզված հայտարարել: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Նախագահ ֆոն դեր Լայենի հետ մեր համատեղ հայտարարության մեջ ասվում է.

«Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված»: Եկեք շարունակենք կանգնած լինել ուս-ուսի՝ ժամանակները ավելի լավը դարձնելու հանձնառությամբ: Ինչպես ասացի, ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն եւ երջանկություն: Եկեք միասին սա ապացուցենք»,- ասել է ՀՀ վարչապետը։

Աղբյուրը՝   armenpress.am