Արգենտինան սկսել է BRICS բանկին միանալու գործընթացը

Արգենտինան սկսել է BRICS բանկին միանալու գործընթացը

Արգենտինայի կառավարությունը պաշտոնական հայտ է ներկայացրել BRICS-ի Նոր Զարգացման Բանկին (NDB) միանալու համար: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի վարչակազմի մամուլի ծառայությունը՝ Շանհայում NDB-ի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ նրա հանդիպումից հետո։

«Հանդիպման ընթացքում նախագահը բանկի նախագահին է ներկայացրել պաշտոնական նամակ, որը անդամակցության գործընթացի առաջին քայլն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արգենտինայի դիմումն այժմ պետք է քննի NDB-ի վարչական խորհուրդը։

Հիշեցնենք՝ NDB-ն ստեղծվել է BRICS-ի երկրների կողմից միջկառավարական համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 2014 թվականի հուլիսին BRICS-ի 6-րդ գագաթնաժողովում: Բանկի նպատակն է ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը և կայուն զարգացման նախագծերը BRICS երկրներում և զարգացող երկրներում: Բանկը նախկինում Fitch Ratings-ից և S&P Global Ratings-ից ստացել է միջազգային վարկային վարկանիշ՝ «AA+» մակարդակի, ինչը թույլ է տալիս երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավել միջազգային և տեղական կապիտալի շուկաներում:

Աղբյուրը՝   b24.am