Արցախցի գործարարներն առաջարկներ ունեն ԼՂ-ից տեղահանված գյուղոլորտի գործարարների համար մշակված ոլորտային ծրագրերի վերաբերյալ

Արցախցի գործարարներն առաջարկներ ունեն  ԼՂ-ից  տեղահանված գյուղոլորտի գործարարների համար մշակված  ոլորտային  ծրագրերի  վերաբերյալ

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների  աջակցության ոլորտային մի շարք պետական ծրագրեր տեղահանված գյուղոլորտի գործարարներին օրերս ներկայացրել էր ՀՀ  էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: Նրա համոզմամբ, առկա մարտահրավերները հաղթահարելու համար  մշակված  գործիքակազմը՝ արտոնյալ պայմաններից մինչև սուբսիդավորվող լիզինգային ծրագիր,  հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտում  առաջացած հարցերին ճիշտ լուծումներ տալ։

Ծրագրերից  մեկը վերաբերում է այգեգործության և բարձրարժեք մշակաբույսերի զարգացմանը: Մասնավորապես ինտենսիվ այգիներին,  որի դեպքում գործում է վարկավորման գործընթացը: 0,5 հա –ից մինչև  500 հա այգիների հիմնման պարագայում տրամադրվում է 8 տարով վարկ մինչև  5% տոկոսադրույքով՝ 5 տարի արտոնյալ ժամկետով: Պտղաբուծության և բանջարաբուծության աջակցման ծրագրեր կան, որոնք առնչվում են ջերմոցային տնտեսություններին: Այս ծրագիրը վերաբերում է մեկ հա և ավել ջերմոցային տնտեսություններին, որի պարագայում իրականացվում է տոկոսների սուբսիդավորում:

Գյուղատնտեսության վերամշակող ուղղության համար նախատեսված ագրովերամշակման լիզինգի ծրագիրը  հնարավորություններ է ստեղծում սառնարանային տնտեսությունների, գյուղմթերքի պահեստների, բերքահավաքի և վերամշակմանն ուղղված աշխատանքները կազմակերպելու համար: Դրանց իրականացման ծախսերի 10%-ը սուբսիդավորվում է կառավարության կողմից:

Լիզինգի այս ծրագիրը գործում է նաև անասնաբուծությամբ զբաղվողների համար: Լիզինգով ձեռք բերվող սարքավորումների համար սահմանված 20% կանխավճարի 80%-ի չափով ֆինանսական աջակցությունը ստանձնում  է կառավարությունը: Իսկ ջրային տնտեսության ոլորտում՝ ձկնաբուծության համար անհրաժեշտ սարքավորումների կանխավճարի նույն տոկոսային չափի սուբսիդավորումն այս պարագայում կատարվում է  50%-ի չափով:

Խելացի անասնաշենքերի կառուցում. անասնապահության ոլորտում նախատեսված  ծրագրի պայմաններում կատարվում է ծախսերի  50-70%-ի փոխհատուցում: Ըստ Արման Խոջոյանի շուկայի պահանջարկը հասկանալու համար անհրաժեշտ է ոլորտում իրականացնել վերլուծություն: Գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը ոլորտային հաջորդ կարևոր ծրագրերից է, որի շրջանակներում կարկտից, երաշտից, ցրտահարությունից ապահովագրվում են մեկ տասնյակից ավել մշակաբույսեր:

Արցախցի գործարարները  ejc.am -ի թղթակցի հետ զրույցում չեն ժխտում ծրագրերի  կարևորությունը, սակայն իրենց մտահոգություններն ունեն  դրանց իրականացման առումով։  Մասնագիտությամբ տնտեսագետ, արցախցի գյուղատնտեսության ոլորտի ձեռնարկատեր Արամ Վերդյանը  նշեց ծրագրերի կարևորությունը, սակայն դրանց հիմնական խնդիրներից առանձնացրեց ծրագրերի մեծ մասի դեպքում  բանկային համակարգի հետ առնչվելու գործընթացում  բարդությունների հնարավորությունը։

Մասնավորապես ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի դեպքում տեղահանված այն տնտեսվարողները, որոնք Արցախում ծավալել են լայնածավալ  գործունեություն, Հայաստանում կհամարվեն  սկսնակ ձեռներեցներ։  Գործարարը կարծում է, որ ունենալով  ֆինանսական ոչ կայուն միջոցներ, իրենք բախվելու են բանկերի կողմից հստակ սահմանված վարկերի տրամադրման գործընթացային խնդիրների։

«Համաձայն եմ, որ ծրագրի շրջանակներում կրթվելու, մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտություն կա, որ բիզնես դասընթացների արդյունքում ավելի արդյունավետ կլինեն շփումները՝ փորձի փոխանակման տեսանկյունից»,- նշեց Վերդյանը մատնանշելով կառավարության կողմից առաջարկած փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագիրը: Նա  առաջարկում է ծրագրի մեջ ներառել ոչ միայն լիզինգը, այլ սարքավորումների, գյուղատնտեսական տեխնիկայի հետ մեկտեղ նաև հող ձեռք բերելու հնարավորություն տալ:

Ըստ էկոնոմիկայի նախարարության հողային բարեփոխումների փորձնական ծրագրի՝ այն նպաստելու է հողերի ձեռք բերման, օտարման, դրանց միավորմանը և հողային մակարդակի բարձրացմանը: ejc.am -ի թղթակցի հետ զրույցում  Ա․ Վերդյանը   այս համատեքստում կարևորելով հողերի մելիորացիայի հարցը՝  արձանագրեց, որ կարելի է պետական ֆինանսավորմամբ հողային մելիորացիայի աշխարհագրությունը մեծացնել՝ քարքարոտ ու անմշակ հողերի մաքրման շնորհիվ դրանք դարձնելով վարելահողեր։   «Դա թույլ կտա զարգացնել ֆերմերային տնտեսությունները, որտեղ կօգտագործվի արցախցի ֆերմերների մասշտաբային հողօգտագործման փորձը»,-համոզված  է գործարարը։