Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ ԳՔ հատուկ ներկայացուցչի հետ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ ԳՔ հատուկ ներկայացուցչի հետ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը փաստահավաք առաքելություն է իրականացնում, որը նպատակ ունի տեղում վերհանել և գնահատել ՀՀ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամով պայմանավորված մարտահրավերները, քննարկել ԵԽ-ի հնարավոր աջակցությունը սույն խնդիրների լուծման հարցում և այս առնչությամբ նախարարության հետ փոխգործակցության եզրերը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած հերթական լայնածավալ ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման, այդ գործողությունների վերջնական նպատակը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամային իրավիճակը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց կարիքների և իրավունքների պաշտպանությանն, և իրավական կարգավիճակին առնչվող խնդիրները: Հատուկ անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց խախտված իրավունքների փաստահավաք աշխատանքներին, այդ իրավունքների վերականգնման, Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի իրացման համատեքստում աշխատանքներին և այդ ուղղությամբ ԵԽ հետ համագործակցության շրջանակներին:
Այս համատեքստում Կարեն Կարապետյանը նշանակալից է որակել ԵԽԽՎ-ի կողմից՝ հոկտեմբերի 12-ին ընդունած 2517 թվակիր բանաձևը, որն ի շարս այլոց արձանագրել է ավելի քան 100.600 հայերի կողմից Լեռնային Ղարաբաղը լքելու փաստը, դրանում էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածները, և որ դրանց պատճառը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունները և դրան նախորդած՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամն է։ Վեհաժողովը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ողբերգական արտագաղթը չպետք է ընդունվի որպես նոր իրականություն և կոչ է արել Նախարարների կոմիտեին ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ մոնիթորինգային գործընթաց:
Լեյլա Քայաջիկը նշել է ԵԽ-ի պատրաստակամությունն աջակցել Հայաստանի Հանրապետությանը ստեղծված ճգնաժամային իրավիճակում, տեղեկացնելով, որ այդ աջակցությունը կարող է ներառել թե՛ ոլորտային ծրագրի, և թե՛ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ. գործողությունների ծրագրով նախատեսված այլ գործողությունների ներքո համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով՝ ներառելով սույն ճգնաժամային իրավիճակում Հայաստանի կարիքները։
Կողմերը քննարկել են պետական մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը` սույն ճգնաժամային իրավիճակին պատշաճ արձագանք ապահովելու նպատակով, տեղահանված անձանց իրավական կարգավիճակով ապահովման և նրանց անխոչընդոտ մասնակցությունն ապահովելու օրենսդրական մարտահրավերները և այս ուղղությամբ ԵՄ անդամ պետությունների փորձը:
Կողմերը քննարկել են նաև ԵԽ-ի աջակցության հնարավորությունները՝ սույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային ժողովի կողմից վավերացված Հռոմի ստատուտի կիրարկման շրջափուլում։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը: