Ձիթենիների շուքի տակ. Մի հայրենադարձի պատմություն

Ձիթենիների շուքի տակ. Մի հայրենադարձի պատմություն

Արդեն տասնամյակներ է, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բագրատաշեն գյուղում ձիթենու այգիներ կան և ինչպես հիշում են գյուղի հնաբնակները` միշտ էլ բարձր բերք են ստացել: Անցել են տասնամյակներ և նախկին ձիթենիների կողքին տնկվել են նորերը:

Արմեն Սարգսյանի ընտանիքը Բագրատաշեն գյուղի հնաբնակներից է, Վրաստանի հետ անմիջապես սահմանին, թուրքաբնակ Սադախլո գյուղի դիմաց Բագրատաշենում տնկել է ձիթենիներ, որոնք այսօր ծանրաբեռնված են կանաչ պտուղներով` դիտողի մոտ արթնացնելով արևադարձային զգացողություններ: Ինչպես Աստվածաշնչյան ձիթենին Նոյին իջեցրեց Արարատից, այնպես էլ Արմեն Սարգսյանը օտարությունից վերադարձավ հայրենիք` տնկելու և մշակելու ձիթենիներ, մոտ 3,5 հա-ի վրա:

 «Արդեն երկրորդ տարին է տնկել եմ ձիթենու ծառերը, սակայն սկզբից ոչ ոք չէր հավատում, որ այգի կարող եմ գցել` հիմնական ոռոգման ջրի բացակայության պատճառով, այստեղ միայն կաթիլայինով հնարավոր է ոռոգել, ես էլ կաթիլային համակարգ անցկացրի»,- ասաց նա և հավելեց, որ տարիներ շարունակ ջրանցքից վերև ոչ ոք ոչինչ չէր մշակում և միայն ինքն է, որ ունենալով կաթիլային համակարգ` կարողացել է մշակել:

Պարզաբանում է, որ հենց ոռոգման ջրի բացակայությունն էր պատճառը, որ մերձարևադարձային կլիմա ունեցող տարածաշրջանում, հնարավոր չէ մշակություն իրականացնել: Սակայն գործարարն աջակցություն ստանալով EU4IMPACT Armenia ծրագրից` կաթիլային համակարգ է անցկացրել և իրականություն է դարձել ձիթենու այգին:

Բացի ձիթենուց, նա նաև տնկել է թուզ, դեղձ, կեռաս, արքայախնձոր և ակնկալում է, որ ապագայում բարձր բերք կստանա, թեև այս տարի արդեն ձիթենիները բերքի են տվել: Իսկ թե ինչպես հենց ձիթենիները դարձան գործարարի այգու հիմքը, պատմում է, որ Բարգատաշենում ձիթենին այնքան էլ արտառոց պտուղ չէ, քանի որ դեռևս 50-ականներին գյուղի հիմնադիրը Բագրատը, որի անունով էլ հետագայում վերանվանվել է գյուղը, տնկել է գյուղի տարածքում ձիթենիներ, որոնք բարձր և բարձրորակ բերք են ապահովել:

Զեյթուն.jpg (345 KB)

Նաև փոխանցեց, որ տասնամյակներ առաջ գյուղի հարակից տարածքում տնկվել է 50 հա ձիթենու այգի, որը Խորհրդային միության փլուզումից հետո գրեթե մնացել է անմշակ` տարբեր պատճառներով. ոռոգման բացակայություն, հողերի կտրտվածություն և այլն: Վերջին տարիներին մարդիկ վերադարձել են նաև ձիթենու մշակությանը` ինչպես ինքը: Արմենի դժվարագույն առաքելությունն էր հաղթահարել ոչ միայն անջուր բարձունքը, նաև գյուղաբնակների թերահավատությունը, քանի որ անգամ ոռոգելի հողատարածքներում բարդ խնդիր է ոռոգում իրականացնելը, էլ ուր մնաց անջրդի տարածքում, բայց այստեղ էլ գործարարին օգնության են եկել նորագույն տեխնոլոգիաները և ծրագրի աջակցությունը:

Ի դեպ, Բագարատշենի բնակչության գրեթե կեսը Ադրբեջանից բռնագաղթածներ են, իսկ երբ հիմնվել է  գյուղը` Հայաստանի տարբեր հատվածներից են եկել Բագարտաշեն, այնպես որ ձիթենին այս վայրերում միավորող և բնակության խորհրդանիշ է: Այդ է վկայում նաև ձիթենու այգիների ընդարձակությունը և տարածվածությունը գյուղի տարածքում:

Մշակությունից հետո կտրուկ անցում ձիթենու ֆինանսական կողմին` իրացում կա՞։ Պարզվում է Ռուսաստանում մեծ է պահանջարկը թե՛ կանաչ պտուղների և թե՛ պահածոյացված ձիթապտղի նկատմամբ: Արմեն Սարգսյանը պատրաստվում է արտահանել, սակայն այս տարի կապված արտարժույթի տատանումների հետ` որոշել է իրացնել Հայաստանում:

Գործարարը պատմում է, որ ձիթապտուղները կամ ինչպես մեզ մոտ է ընդունված ասել` զեյթունը, հավաքում են հոկտեմբեր-նոյեմբերին, կանաչ վիճակում, չեն թողնում հասունանա, քանի որ դրանից հետո պետք է անմիջապես վերամշակվի, իսկ Հայաստանում դեռևս տնային պայմաններում են պահածոյացնում, այդ իսկ պատճառով ձիթենու պտուղները հավաքում են մինչ հասունանալը և իրացնում:

Բացի սեփական խնդիրներից, նա չի մոռանում կրկին բարձրացնել ոռոգման հարցը, քանի որ ինքը կարողացել է կաթիլային ոռոգման խնդիր լուծել, որը թանկ հաճույք է, իսկ շատերը մնացել են ոռոգման ջրի հույսին, որը ոչ միայն թանկ է, այլև չի բավարարում:  Իսկ թե ինչու ջրբաշխները չեն կարգավորում, բացատրում է, որ ոլորտում վարձատրությունը խիստ ցածր է, իսկ աշխատանքը շատ` մարդիկ էլ չեն ցանկանում աշխատել նման պայմաններում: Պնդում է, որ ողջ տարածքում միայն մեկ ջրբաշխ կա:

Իհարկե, Արմենին հաճախ են ասում` ինչ զարմանալի է, որ Հայաստանում ձիթենի է  աճում, իսկ, քանի որ Արմենը մանկությունից էր ձիթենու այգիներ տեսել` ավելի ներողամիտ է, քանի որ արևադարձային բույսը Հայաստանի հեռավոր անկյունում մանկությունից աչքի առջև է եղել և ոչ թե էկզոտիկա է, այլ օրինաչափություն: Եվ խստաշունչ ձմեռվա համբավ ունեցող Հայաստանում բոլորի համար էլ տաքուկ անկյուն կա, եթե կա արարելու, հայրենիքում ապրելու և հողը անմշակ չթողնելու ցանկություն:

Նշենք, որ Արմեն Սարգսյանին աջակցել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը` (ՄԱԳՄԱ), ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT Armenia ծրագիրը:

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ICPMD մամուլի պատասխանատու Իննա Գալոյանը նշեց, որ EU4IMPACT ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների, այդ թվում՝ աշխատանքային, վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:

Ըստ նրա, ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից:

 «2021 թ-ի նոյեմբեր, 2022 թ-ի մայիս, 2022 թ-ի նոյեմբեր ամիսներին անցկացված առաջին, երկրորդ և երրորդ փուլերի արդյունքում ծրագրին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 300 դիմորդ: Ավելի քան 250 դիմորդ մասնակցել է «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված բիզնեսի կառավարման առցանց դասընթացին և ավելի քան 200 դիմորդ կազմել է բիզնես ծրագիր և ներկայացրել մրցութային հանձնաժողովի քննությանը: 1 և 2 փուլերի արդյունքում ֆինանսավորման համար ընտրվել են լավագույն 80 բիզնես ծրագրերը: Դրամաշնորհ ստացած 80 շահառու ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը»,- ասաց Ի. Գալոյանը և հավելեց, որ շահառուների կողմից առաջարկվող բիզնես գաղափարները բազմազան են և, մասնավորապես իրականացվելու են ծառայությունների մատուցման, արտադրության և գյուղատնտեսության ոլորտներում:

Նաև մանրամասնեց, որ հաստատված բիզնես գաղափարները ներառում են բնական հումքով կոսմետիկայի արտադրություն, թղթյա արտադրանք, ասիական քաղցրավենիք, պահածոներ, հացաբուլկեղեն, մսամթերք, անասնակերի հավելում և այլն: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու են ջերմոցներ ծաղիկներ, մրգեր կամ բանջարեղեն աճեցնելու համար, բացվելու են հյուրատներ, երեխաների ստեղծագործական կենտրոն, սրճարան, ինչպես նաև շահառուները զբաղվելու են անասնապահությամբ և մեղրի արտադրությամբ