Բազմաբնակարան շենքերի կառավարիչների համար սահմանվել են մասնագիտական որակավորման պահանջներ

Բազմաբնակարան շենքերի կառավարիչների համար սահմանվել են մասնագիտական որակավորման պահանջներ

Բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանը նպաստելու նպատակով շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց՝ կառավարիչների համար սահմանվել են մասնագիտական որակավորման պահանջներ: Կառավարությունը հոկտեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած որոշման նախագծին, որի ընդունումը բխում է տարեսկզբին ընդունված օրենքից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշխնության կոմիտեից։

Համաձայն սահմանված պահանջների՝ շենքերի կառավարիչները պետք է ունենան միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն, ինչպես նաև իրավական, տեխնիկական, վարչարարական և ֆինանսական գիտելիքներ, որոնք ձեռք կբերեն վերապատրաստման դասընթացների մասնակցելու կամ ինքնուրույն վերապատրաստվելու եղանակով: Ընդունված որոշմամբ սահմանվել են նաև կառավարիչների վերապատրաստման կարգը և իրավական այն ակտերի ցանկը, որոնց միջոցով իրականացվելու է այդ գիտելիքների փոխանցումն ու ստուգումը:

Դասընթացները կազմակերպելու է Քաղաքաշինության կոմիտեն՝ «Կրթության մասին» օրենքի համաձայն՝ բուհերի և կազմակերպությունների միջոցով: Վերապատրաստմանը կարող են դիմել ինչպես գործող կառավարիչները, այնպես էլ այն անձինք, ովքեր պատրաստվում են զբաղվել կառավարչի գործունեությամբ: Թե՛ դասընթացի մասնակիցների, թե՛ ինքնուրույն վերապատրաստված անձանց գիտելիքներն ստուգվելու են թեստավորման եղանակով: Բավարար միավորներ չհավաքածները հնարավորություն կունենան մասնակցելու հետագա թեստավորումներին: Սակայն բավարար միավորներ չստացած, ինչպես նաև 2 տարվա ընթացքում վերապատրաստման չդիմած կառավարիչների տվյալները տրամադրվելու են համայնքներին՝ վերջիններիս նախաձեռնությամբ կառավարման մարմնի լիազորությունները դադարեցնելու հարցով սեփականատերերի ժողով հրավիրելու նպատակով:

Որոշմամբ նախատեսված են հարցաշարերի կազմման և հրապարակման, վերապատրաստման դասընթացների, թեստավորման անցկացման ու գնահատման, արդյունքների հրապարակման հետ կապված ընթացակարգերը: Որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, որից հետո կսկսվեն վերապատրաստման ծրագրերը: Մինչ այդ մեկնարկելու են հարցաշարերի կազմման և դասընթացների մշակման աշխատանքները: 

Հիշեցնենք, որ այս կարգավորումները բխում են ՀՀ կառավարության ծրագրից և միտված են նպաստելու բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման գործառույթների իրականացման կայուն մեխանիզմների արմատավորմանը: