Ռուբեն Վարդանյանի ընտանիքն աջակցում է Արցախից բռնի տեղահանված 5000 ընտանիքի

Ռուբեն Վարդանյանի ընտանիքն աջակցում է Արցախից բռնի տեղահանված 5000 ընտանիքի

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը շուրջ 200 տոննա բարձր սննդային արժեք ունեցող չոր սնունդ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված 5000 ընտանիքների: Ըստ հաշվարկների՝ այն կարող է բավարարել չորս հոգանոց ընտանիքի 20-օրյա սննդի պահանջարկը:

Սննդի բաշխումը կիրականացվի պետական կառույցների և բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնք ներգրավված են բռնի տեղահանվածներին մարդասիրական աջակցություն ցուցաբերման գործում:

«Այս փուլում, երբ արցախցիները հրատապ կարիքներ ունեն, մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ սկսած առօրյա կարիքներից։ Չոր սննդամթերքը, ինչպիսին են մակարոնեղենը, ալյուրի տարբեր տեսակները և բարձրորակ կաթի փոշին, հասանելի կլինեն թիրախային բաշխման համար»,- նշում է գործակալության արցախյան նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը։

Շուրջ 600,000 ԱՄՆ դոլար արժողությամբ սննդամթերքը հնարավոր է եղել ձեռքբերել «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների և Ռուբեն Վարդանյանի ընտանիքի աջակցությամբ: «Մեր գործընկերների և աջակիցների հետ միասին ուրախ ենք օգնել արցախցի տեղահանված ընտանիքներին: Մենք հասկանում ենք, որ երկարաժամկետ, համակարգային և համաձայնեցված մոտեցում է պահանջվում այս չափազանց դժվարին պայմաններում արցախցիների համար կեցության արժանապատիվ հնարավորություններ ապահովելու համար: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ մասնակից լինենք այդ ջանքերին, և ես գիտեմ, որ Ռուբենը շատ շնորհակալ է յուրաքանչյուրին, ով աջակցում է Արցախի ժողովրդին այս դժվարին պահին։ Այս փուլում կենտրոնանալով հրատապ կարիքների վրա՝ մենք նախատեսում ենք առաջիկայում հնարավորություններ ստեղծել կրթության, հմտությունների զարգացման և վերապատրաստման ծրագրերի միջոցով արցախցիների ներուժը զարգացնելու համար», - նշում է Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։

Աղբյուրը՝   b24.am