Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Հնդկաստանում

Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Հնդկաստանում
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) շրջանակներում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Shapoorji Pallonji And Company Private Limited holding-ի ներկայացուցիչների հետ։
Ըստ ՏԿԵ նախարարության հաղորդագրության, հանդիպմանը մասնակցել են նաև հայկական պատվիրակության մյուս անդամները՝ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։
Այս ընկերությունը 15 խոշոր ընկերությունների համաշխարհային, դիվերսիֆիկացված կազմակերպություն է՝ մասնագիտացված շինարարության, ենթակառուցվածքների, անշարժ գույքի, ջրային, էներգետիկ և ֆինանսական ոլորտներում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ներկա փուլում Հայաստանում ընթացող ենթակառուցվածքային ծրագրերը, դրանց ընթացքը։ Նախարար Սանոսյանը ներկայացրել է տարբեր ոլորտներում առկա շինարարական ծրագրերը։ Մասնավորապես շեշտադրվել է դպրոցաշինության, ճանապարհաշինության ոլորտի ծրագրերը և դրանցում Ընկերության հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցերը։
Shapoorji Pallonji ընկերությունը հետաքրքրույթուն է ցուցաբերել հատկապես դպրոցաշինական ծրագրերի նկատմամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը կուղարկի անհրաժեշտ տեղեկատվական փաթեթներ, որոնցում ներառված կլինեն ծրագրերի վերաբերյալ մանրամասները, որից հետո ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և տեղում կծանոթանան ծրագրերին։
Գագաթնաժողովի շրջանակներում նախարար Սանոսյանը հանդիպել է նաև Larsen & Toubro ընկերության փոխնախագահ Մադհավա Դասի հետ։
Հանդիպման ժամանակ ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես էներգետիկ ոլորտում՝ մասնավորապես ենթակայանների շինարարության ոլորտում համագործակցության հնարավորության նկատմամբ։
Այս ընկերությունը աշխարհի առաջատար և զարգացող երկրներում հարուստ փորձ ունի էներգետիկ կայանների և փոխանցման գծերի կառուցման գործում։
Նախարար Սանոսյանը նույնպես շեշտադրել է էներգետիկ ոլորտում փոխգործակցության կարևորությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում արդեն Հայաստանում ծանոթանալ համագործակցության հնարավորություններին։