Հայկական ստարտափը ցանկանում է դաշտեր ուղարկել ԱԹՍ-ների էսկադրիլիա, այդ թվում՝ հայրենական

Հայկական ստարտափը ցանկանում է դաշտեր ուղարկել ԱԹՍ-ների էսկադրիլիա, այդ թվում՝ հայրենական
Գյուղատնտեսության մեջ անօդաչու սարքերը թույլ են տալիս զգալիորեն կրճատել վառելիքի, թունաքիմիկատների և պարարտանյութերի սպառումը: Ամբողջ աշխարհում դրանց կիրառումն ագրարային ոլորտում աճում է, և Հայաստանը չպետք է հետ մնա, կարծում է SkyAgro ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Միհրան Սահակյանը։
Ընկերությունն արդեն երկու տարի գործում է որպես ագրարային անօդաչու թռչող սարքերի օպերատոր։ Ցամաքային սարքավորումների համեմատ օդից ցողելիս թունաքիմիկատների սպառումը նվազում է 20%-ով, իսկ ջրինը՝ ավելի քան 10 անգամ: 
«Դրոնը թռչում է դաշտի վրայով՝ ընդամենը երկու-երեք մետր բարձրությամբ։ Բույսերի համար պտտահոսքը համեմատելի է այն բանի հետ, եթե 20-30 մետր բարձրությամբ ուղղաթիռ թռչեր մեր գլխավերևում: Հետևաբար, ամեն ինչ համաչափ ցողվում է, և ներծծման համար ավելի քիչ ջուր է պետք: Ֆերմերներն ասում են. «Երբ մենք տրակտորով ենք ցողում, մեկ լիտր քիմիական նյութի համար համար վերցնում ենք 500 լիտր ջուր, իսկ դուք՝ 30: Չի կարող պատահել»: Իսկ աշխարհում դա վաղուց արդեն նորություն չէ, պարզապես մեզ մոտ, ստիպված ենք կրկնել, տեխնոլոգիաները հետ են մնացել», - հավելեց Սահակյանը։
 
Օդից ցողումը նաև թույլ է տալիս ավելի լավ պահպանել բերքը, քանի որ հողակտորը քիմիական նյութերով մշակելիս տրակտորն անխուսափոլիորեն «ճմռթում է» նաև բույսերը, այդ թվում՝ հարևան հողակտորներում։
 
Մշակումից բացի՝ դրոնները կարող են իրականացնել դաշտերի աերոնկարահանում և հետևել բերքի վիճակին ծրագրային ապահովման միջոցով, որը մշակում է դրանց պատկերները: Եթե ծրագիրը հարևան դաշտերում վնասատուներ է նկատում, կամ դրանք ճանաչում է անուղղակի նշաններով, օրինակ՝ բույսերի աճի խանգարումներով, ապա ցողումը կարելի է ավելի վաղ իրականացնել: Բացի այդ, պատկերների շարքը (յուրաքանչյուր 10 օրը կամ երկու շաբաթը մեկ) թույլ է տալիս շատ ավելի ճշգրիտ գնահատել բերքի ապագա ծավալը:
 
Նման մանրամասն տվյալների դեպքում գյուղացու համար շատ ավելի հեշտ է կապ հաստատել այն գնորդների հետ, որոնց հետ կարելի է նախապես պայմանագիր կնքել։ Բացի այդ, դա կհեշտացնի բանկերի հետ հաղորդակցությունը, որոնց համար ավելի հեշտ կլինի կանխատեսել գյուղացու եկամուտները, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների հետ, որոնք, բավարար տեղեկատվություն ունենալով, կկարողանան ապահովագրություն առաջարկել առանց անորոշության պատճառով բարձրացող գների։
 
«Մենք ուզում ենք, որ եկող գարնանից սկսած այդպիսի ապահովագրությունը գործի, բանակցում ենք։ Իսկ վարկային կազմակերպություններից մեկի հետ արդեն պայմանավորվել ենք դաշտային աշխատանքների սեզոնային զեղչերի մասին այն ֆերմերների համար, որոնց համար մենք նման մոնիթորինգ ենք իրականացնելու»,-հավելեց Սահակյանը։
 
Ներկայումս ընկերությունն արտասահմանյան դրոններ է օգտագործում, սակայն բանակցություններ է վարում տեղական արտադրողների հետ, որոնց համար կարող է սպառման մեծ շուկա բացվել: Այդ աշխատանքի մի մասը Միհրանը պատրաստ է հանձնարարել նաև ArMath դպրոցական ինժեներական լաբորատորիաներին։ Նա ցանկանում է «տնական» սարքել նաև պատկերների մշակման սոֆթը, ուստի հնարավոր նախագծերը քննարկում է նաև ՏՏ ընկերությունների հետ, առավել ևս, որ ինքն էլ այդ ոլորտից է եկել ագրոարդյունաբերություն։
 
«Մեծ հաշվով՝ ես այդ ոլորտից չեմ էլ հեռացել։ ՏՏ-ն և ինժեներիան հիմա ցանկացած ոլորտում են հարկավոր, և որքան շուտ մենք դա հասկանանք, այնքան ավելի լավ», - հիշեցնում է Միհրանը։
 
Մոտ երկու տարի առաջ, գործընկերոջ հետ միասին ստարտափը սկսելիս, առաջին դրոնները վարկով էր գնել, իսկ հիմա դրանց պարկն ընդլայնվել է։ Հետագայում նա պատրաստվում է ձեռք բերել նաև հողի տվիչներ (խոնավությունը, pH-ը և այլ ցուցանիշները չափող), որոնք նույնպես վարձակալությամբ կտան ֆերմերներին։ Օդից դրոնը կկարդա նաև այս տվյալները՝ ժամանակին հուշելով, թե երբ է պետք սկսել և ավարտել ոռոգումը։ Այս սեզոնին ըներությունը մոտ 3500 հա տարածք է մշակել 1500 ֆերմերի համար․ դա դեռ շատ չէ, եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում ավելի քան 300 հազար ֆերմերային տնտեսություն կա։ Բայց Միհրանը հույս ունի, որ կաշխատի «սարաֆանային ռադիոն», որը երբեք չի փչանում, եթե գյուղացին տեսնում է, որ հարևանի մոտ նորույթը լավ է աշխատում։ Ընկերությունն արդեն նաև պետական պատվեր է կատարել՝ թունաքիմիկատների փոշեցրում մորեխների դեմ։
 
Երկրի ողջ գյուղատնտեսությունը վերազինելու համար (մեկ կամ մի քանի ընկերությունների ուժերով) անօդաչու թռչող սարքերի մոտ մեկուկես հազար օպերատոր կպահանջվի: Միհրանի մտահղացմամբ՝ օպերատորները ոչ միայն կկառավարեն դրոնները, այլև կկարողանան վերանորոգել դրանք, պետք է հասկանան թունաքիմիկատներից և ագրոնոմիայից հիմնական գիտելիքներ ունենան։ Այդ ամենը, հավելեց նա, ընկերությունում պատրաստ են սովորեցնել։
 
«Առհասարակ դասընթացը 2 000 դոլար արժե․ ուսանողը այդքան կարող է վաստակել երեք ամսում, երբ սկսի աշխատել։ Ամեն դեպքում, մեր ագրոօդաչուները հիմա հենց այդպիսի եկամուտներ ունեն։ Իսկ եթե աշակերտը մեզ հետաքրքիր է որպես ապագա աշխատակից, պատրաստ ենք նաև անվճար սովորեցնել։ Հատկապես գյուղերի երիտասարդներին մեր ասելիքը հետևյալն է․ ընդունվեք Ագրարային համալսարան, լավ սովորեք, անգրագետ ագրոնոմը անգագետ բժշկի նման բան է, իսկ հետո մեզ մոտ պրակտիկա անցեք և սկսեք աշխատել», - ասում է Միհրանը։
 
Իր նախագիծը, որն արդեն իրականություն է դառնում, նա ներկայացրել է DigiTec բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսում, որտեղ ներդրողներ էր փնտրում: Միջոցները նա արդեն սկսել է ներգրավել Հայաստանի ազգային շահերի հիմնադրամին կից ARFI քրաուդֆանդինգի (ավելի ճիշտ՝ crowd-investment-ի) հարթակի միջոցով, որը գործում է պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքով։
 
DigiTec ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչն է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE)։
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am