Գեղարքունիքի մարզում 2023 թվականին մեկնարկած 111 սուբվենցիոն ծրագրերից 9-ն ավարտվել են, 102-ն ընթացքի մեջ են

Գեղարքունիքի մարզում 2023 թվականին մեկնարկած 111 սուբվենցիոն ծրագրերից 9-ն ավարտվել են, 102-ն ընթացքի մեջ են

2023 թվականի հոկտեմբերի առաջին կեսի դրությամբ Գեղարքունիքի մարզում այս տարի մեկնարկած 111 սուբվենցիոն ծրագրերից 9-ն արդեն ավարտվել են, 102-ը գտնվում են ընթացքի մեջ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը,  մարզի համայնքների կողմից մարզպետի աշխատակազմի միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացվել 45 սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 13 միլիարդ 145 միլիոն 840 հազար դրամ։ Ներկայացված հայտերից  միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են 23 ծրագրեր (147 ենթածրագիր), որոնց նախահաշվային ընդհանուր արժեքը կազմել է 11 միլիարդ 734 միլիոն 789 հազար դրամ, այդ թվում՝ պետության մասնաբաժինը՝ 7 միլիարդ 40 միլիոն 918 հազար դրամ, կամ նախահաշվային ընդհանուր արժեքի 60 տոկոսը, համայնքային մասնաբաժինը՝ 4 միլիարդ 604 միլիոն 893 հազար դրամ, կամ 39,2 տոկոս, այլ ներդրողներ՝ 88 միլիոն 977 հազար դրամ, կամ 0,8 տոկոս։

2023 թվականին 23 ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է ասֆալտապատել և սալարկել 39600 գծամետր փողոցների երթևեկելի մաս և մայթեր, վերակառուցել 15 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, կառուցել կամ ընդլայնել 55540 գծամետր լուսավորության ցանց, 39230 գծամետր ոռոգման համակարգ, 82300 գծամետր խմելու ջրագիծ, կառուցել մեկ մանկապարտեզ, մեկ կոյուղագիծ և դրենաժային համակարգ, մեկ հուշահամալիր և ձեռք բերել գույք։ Հայտարարվել են 23 ծրագրերի (144 ենթածրագիր) մրցույթներ, որոնց արդյունքում 22 ծրագրերի (136 ենթածրագրերի) համար կնքվել են համապատասխան պայմանագրեր։

«Մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի կատարման միջին ցուցանիշը 2023 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ մարզի կտրվածքով կազմում է 54, 4 տոկոս։ Արվելու է հնարավորը, որպեսզի մինչև տարեվերջ ավարտի հասցվեն բոլոր ծրագրերը։ Սակայն եթե ինչ որ հանգամանքներ խանգարեն, ապա մեր դիտարկումների և կանխատեսումների արդյունքում 2023 թվականին կիսատ մնացած ծրագրերը կշարունակվեն ու կիրականացվեն 2024 թվականի ընթացքում», - ներկայացրեց Սասուն Սահակյանը։