«Այստեղ ներդրում անելով՝ ես նաեւ պաշտպանելու եմ իմ հայրենիքը»․ գործարար ծրագրեր Սյունիքի մարզում

«Այստեղ ներդրում անելով՝ ես նաեւ պաշտպանելու եմ իմ հայրենիքը»․ գործարար ծրագրեր Սյունիքի մարզում

Թեեւ 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան, բայց դա չի խոչընդոտում սյունեցի գործարարներին մնալ ու ներդրումներ անել մարզում։ Մեղվաբուծությունից մինչեւ զբոսաշրջության զարգացում, ներդրումները տարբեր ոլորտներում են արվում, սյունեցիներն ասում են, որ միայն համառ աշխատանքի շնորհիվ է հնարավոր զարգացում ապահովել ու դիմագրավել ներկա մարտահրավերներին։

Հասմիկ Արզումանյանի ընտանիքը Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում մսային կիսաֆաբրիկատների արտադրությամբ է զբաղվում։ «Սկզբում մենք սկսել ենք շատ փոքր ծավալներից, ընտանիքի անդամներով, բայց քայլ առ քայլ կարողացել ենք ընդլայնել մեր արտադրությունը։ Այսօր արդեն շուկային առաջարկում ենք շուրջ 12 անուն արտադրատեսակ։ Մեր սպառման ամբողջ շուկան Սյունիքի մարզն է, եւ արդեն ունենք ձեւավորված լավ աշխատանքային թիմ», - ասում է Հասմիկը։

Նա Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «EU4IMPACT Armenia/ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի շրջանակներում դրամաշնորհ է ստացել՝ զարգացնելու իր բիզնեսը։ Մանրամասնում է, թե ոնց է դարձել ծրագրի շահառու։ «2020 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում անվտանգային խնդիրների պատճառով մարտահրավեր դարձավ շուկայում թարմ անասնամսի ձեռք բերումը։ Գյուղացիների անասունների գլխաքանակը օրեցօր կրճատվում էր, քանի որ Սյունիքի արոտավայրերի մի մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Եվ մենք մտածեցինք, որ շատ կարեւոր է ձեւավորել մեր ընկերության արժեշղթան ու ունենալ սեփական ֆերմերային տնտեսությունը, որպեսզի անասնամիսն ինքներս ստանանք՝ կիսաֆաբրիկատներ պատրաստելու համար։ Օգտագործելով ծրագրի ընձեռած հնարավորությունը՝ որոշեցինք դիմել ծրագրին եւ հաջողություն ունեցանք։ Քանի որ արտադրության մեջ օգտագործում ենք բացառապես թարմ տեղական միս եւ ոչ երբեք սառեցված միս, կարեւոր է, որ մենք ունենանք մսի մշտական մատակարարներ», - ասում է նա։

Ծրագրի շրջանակներում ձեռք են բերել հողատարածք, կառուցում են անասնագոմ։ Պլանավորում են սկսել խոզաբուծությունից, այնուհետեւ անցնել տավարաբուծությանը։ Աջակցության դրամաշնորհը կազմել է 4 մլն դրամ, իսկ Հասմիկ Արզումանյանի ընտանիքի կողմից կատարվել է մոտ 10 մլն դրամ ներդրում։ Անասնագոմի շինարարությունը նախատեսում են ավարտել նոյեմբերի վերջին։

Ի՞նչ խնդիրների է բախվել բիզնեսը, հարցին Հասմիկը պատասխանում է, որ նախքան Արցախի շրջափակումը, իրենց սպառման շուկան նաեւ Ստեփանակերտն էր։ Արտադրանքի մոտ 20 տոկոսը գնում էր Արցախ, եւ այսօր Արցախը կորցնելու պայմաններում կորցրել են նաեւ այդ շուկան։ «Շատ դժվար էր 20 տոկոս շուկան կորցնելը, փորձում ենք Սյունիքի մարզում նոր գործընկերների հետ համագործակցել։ Հետագայում պլանավորում ենք նաեւ այլ մարզերի հետ աշխատել, արտադրություններ հիմնել մյուս մարզերում», - ասում է նա։

Գորիս քաղաքի բնակիչ Կարեն Ջահավիրյանը սկսնակ գործարար է, գործունեություն է փորձում ծավալել տուրիզմի ոլորտում։ Նա էկոտուրիզմի գոտի է կառուցում Գորիսից Ստեփանակերտ տանող ճանապարհին։ «Այս տարածքը ծովի մակերեւույթից 1650 մետր բարձրության վրա է, եղեւնիների անտառի մոտ, արդեն կառուցել ենք ընտանեկան միջոցառումների համար նախատեսված սրահը, նախատեսում ենք կառուցել նաեւ վրանային ավան», - իր բիզնեսի բաղադրիչներն է ներկայացնում Կարեն Ջահավիրյանը։ Ասում է, որ անտառային տարածքին մոտ վրանային ավան դեռ չկա Գորիսի տարածաշրջանում, սա կլինի առաջինը։ «Իմ երազանքը տուրիստական հանգրվան կառուցելն է, որտեղ մարդիկ կարող են գալ, հանգստանալ մի քանի ժամ։ Տուրիստական ինֆորմացիոն կենտրոն կգործի նաեւ, Գորիսի տեսարժան վայրերին կծանոթացնենք զբոսաշրջիկներին։ Նախատեսում եմ գոնե ապրիլ ամսին սկսել գործունեությունը՝ հաշվի առելով, որ տուրիզմի սեզոնը մոտ 6 ամիս է տեւում», - հավելեում է նա։

Գործարարն այս նախագծի իրագործման համար արդեն 28 մլն դրամ գումար է ներդրել, ըստ նրա, եւս 5 մլն դրամ ներդրում անելուց հետո հնարավոր կլինի գործարկել էկոտուրզմի գոտին։ Մասնակցելով վերոնշյալ ծրագրին՝ Կարեն Ջահավիրյանը շահել է 3,5 մլն դրամ դրամաշնորհ։ «Այդ գումարով գնել ենք տանիքի թիթեղը, դռներն ու պատուհանները։ Ծրագրի շրջանակներում մասնակցել եմ նաեւ դասընթացների, եւ կարող եմ ասել, որ սա հրաշալի գաղափար է, նամանավանդ սկսնակ գործարարների համար», - նշում է նա։

«Մտավախություն ընդհանրապես չունեմ, որ անվտանգային խնդիրների պատճառով զբոսաշրջային հոսքերը կնվազեն», - հավելում է Կարեն Ջահավիրյանը։ Ըստ նրա՝ տուրզմն այն ոլորտն է, որն արագ վերականգնվում է, իսկ Գորիսում վերջին տարիներին զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվում, այստեղ նաեւ էկոտուրզմն է զարգանում։ «Ես վստահ եմ, որ Գորիսը միշտ մնալու է որպես տուրիստական գոտի, այսօր Համաշխարհային բանկի միջոցներով Գորիսի պատմական հատվածն է վերականգնվում, մենք պետք է զարգացնենք մեր տարածաշրջանը»,- մեզ հետ զրույցում ասում է նա։

Գորիս քաղաքի բնակիչ Արմեն Իշխանյանը մեղվաբուծությամբ է զբաղվում, նպատակ ունի ընդլայնել արտադրության ծավալները։ «Այս բիզնեսը մեզ մոտ ընտանեկան է եղել, ես փոքր եմ եղել, այն ժամանակներից հիշում եմ, որ մենք միշտ մեղու ենք ունեցել։ Հայրս ասում էր՝ «մեղուն մարդուն չի հարստացնում, բայց անընդհատ գրապանդ փող է լինում, երբ տանը գումար չի լինի, միշտ մեկը գալու է մեկ կգ մեղր գնելու, եւ այդ գումարը քեզ միշտ օգնելու է»։ 2000 թվականին հորս մահից  հետո հիմնականում ես եմ զբաղվել մեղուների խնամքով։ Այսօր մոտ 40 փեթակ ունեմ, առաջիկայում նախատեսում եմ ավելացնել արտադրության ծավալը։ Եթե ուզում ես արդյունքի հասնել, գոնե 60-70 փեթակ պետք է ունենաս։ Մեղվաբուծությանը զուգահեռ երեխաներիս հետ մտադիր ենք դեղաբույսերի հավաքագրմամբ զբաղվել։ Գտնում եմ, որ մեր պայմաններում այսօր Սյունիքում շատ մարդիկ պետք է մեղվաբուծությամբ զբաղվեն, քանի որ արոտավայրերը կրճատվել են», - ասում է Արմեն Իշխանյանը։

Նա նաեւ բացում է իր բիզնեսի գաղտնիքը․ «Եթե երեք փեթակ ունենաս եւ նորմալ աշխատես, երկու տարում 3 փեթակը կարող ես դարձնել 30-40 հատ։ Այսինքն՝ մեծ ներդրումներ չի պահանջում այս բիզնեսը, բայց իմ ծախսերը շատ են, քանի որ մեղուներին տարվա ընթացքում տեղափոխում եմ Խնձորեսկ ու Իշխանասար, այնտեղ ալպիական գոտի է։  Հեշտ ոչինչ չի տրվում, պետք է պայքարես», - նշում է նա՝ հավելելով, որ նպատակ ունի լաբորատոր փորձաքննության ենթարկել իր մեղրը, հավաստագիր ունենալ ու նաեւ արտահանել։

«Սյունեցիները միշտ ուժեղ են եղել եւ ուժեղ լինելու են, ուղղակի մեզ մի քիչ պետք է օգնեն։ Ես անձամբ այստեղից չեմ պատրաստվում մեկնել, իմ հողում եմ գործունեությունս շարունակելու, չնայած որ դժվար է, մեղուն դնում եմ սարում, 3 կիլոմետրի վրա դիրքեր են, իմ տանից 10 կիլոմետրի վրա դիրքեր են։ Բայց եթե մենք մտածում ենք մեր հայրենիքի մասին, պետք է մտածենք մինչեւ վերջ», - նշում է Արմեն Իշխանյանը։

Ադրբեջանական թիրախում գտնվող համայնքներից է նաեւ Սիսիան խոշորացված համայնքի Աղիտու բնակավայրը։ Գործարար Գարեգին Միրզոյանը այս գյուղում տանձի եւ սալորի ինտենսիվ այգի է հիմնել՝ 2,7 հեկտարի վրա։

«Տնկանյութը հանդիսանում է ինտենսիվ տեսակի տնկանյութ, որը տեխնոլոգիական նոր պայմաններում կարճ ժամանակահատվածում մտնում է բերքատվության տակ։  Նախատեսում եմ բերքն իրացնել ոչ միայն ներքին շուկայում, այլ նաեւ արտահանել։ Առաջին բերքը մենք սպասում ենք հաջորդ տարի, իսկ 2025 թվականի արդեն կունենանք արտադրական նշանակության բերք։ Ես կանխատեսում եմ, որ 2025 թվականին մեկ հեկտարից 15-20 տոննա բերք կարող ենք ունենալ։ Իմ ներդրումը մեկ հեկտարի համար մոտ 30 մլն դրամ է կազմել՝ ներառյալ հակակարկտային ցանցը, մնացած ծախսերը, տնկիները։ Ծրագրի շրջանակներում 4 մլն դրամ դրամաշնորհ եմ ստացել, որը ծախսվել է կաթիլային ոռոգման համակարգի կառուցման համար», - ասում է նա։

Գարեգին Միրզոյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Ռուսաստանի Դաշնությունից է հայրենադարձվել Հայաստան։ Նա որոշել է առանձնատուն գնել Աղիտու համայնքում, ստեղծել այս բիզնեսը, իսկ առաջիկայում նախատեսում է նաեւ խելացի անասնագոմ կառուցել ու ածիկի աճեցման ծրագիր իրականացնել։

Սյունիքի անվտանգային խնդիրները Գարեգին Միրզոյանին հետ չեն կանգնեցնում իր նպատակներից, նրա խոսքով՝ բազմիցս իրեն հարցրել են, թե չի՞ վախենում ներդրումներ անել ռիսկային գոտում։ Հայտնի է, որ ներդրողները կայունություն են նախընտրում։ «Այդ հարցերն ինձ 2020 թվականից տալիս էին, երբ ես Կրասնոդարում բիզնեսս վաճառում էի, որ տեղափոխվեի Հայաստան, շատերն ասում էին՝ սպասիր, տես ինչ է լինում, հետո կգնաս։ Երբ ուզում էի Աղիտու համայնքում ներդրում անել, ոմանք ասում էին, սպասիր, կարող է Սյունիքն էլ են տալիս։ Բայց ես իմ գալով ու ներդրումներով իմ լուման եմ փորձում ներդնել, Սյունիքը չենք տալու, այստեղ ներդրում անելով՝ ես նաեւ պաշտպանելու եմ իմ հայրենիքը», - ասում է նա։

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ICPMD մամուլի պատասխանատու Իննա Գալոյանը ներկայացնում է ծրագրի մանրամասները։ «U4IMPACT Armenia/ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ են տրամադրվում միգրանտներին եւ նրանց ընտանիքների անդամներին՝ իրենց բիզնեսը զարգացնելու նպատակով։ «Ամբողջ գաղափարն այն է, որպեսզի գումարները, որոնք փոխանցվում են արտերկրից՝ միգրանտների կողմից այստեղ ուղղվեն բիզնեսի զարգացմանը։ 2021 թվականից մինչ օրս անցկացվել է ծրագրի 3 փուլ, մասնակցելու համար հայտ է ներկայացրել 300 դիմորդ: Ավելի քան 250 դիմորդ մասնակցել է «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված բիզնեսի կառավարման առցանց դասընթացին եւ ավելի քան 200 դիմորդ կազմել է բիզնես ծրագիր ու ներկայացրել մրցութային հանձնաժողովի քննությանը: Առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքում ֆինանսավորման համար ընտրվել են լավագույն 80 բիզնես ծրագրերը: Դրամաշնորհ ստացած 80 շահառու ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը, ներկայումս անցկացվում են չորրորդ փուլին դիմած դիմորդների դասընթացները, եւ հայտարարվել է հինգերորդ փուլը»,- ասաց նա։

Ծրագրին մասնակցության համար կարող են դիմել այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս, այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած երկրում) գտնվելուց հետո, միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից տեղահանված ՀՀ քաղաքացիները։

Շահառուների կողմից առաջարկվող բիզնես գաղափարները բազմազան են, ընդգրկում են տարբեր ոլորտներ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի բոլոր մարզերում։ Բացի այն, որ ծրագրի դիմորդների ընտանիքների անդամներից մեկը պետք է լինի միգրանտ, մասնակցության համար պարտադիր պայման է նաեւ այն, որ դիմողը պետք է սեփական ներդրումը կատարի։