Կենտրոնում ու Շենգավիթում բենզալցակայններ են ապամոնտաժվել

Կենտրոնում ու Շենգավիթում բենզալցակայններ են ապամոնտաժվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի՝ Կոմիտասի  անվան զբոսայգու դիմաց գտնվող, ինչպես նաև ք․Երևան, Կենտրոն վարչական շրջան, Գետառի փողոց թիվ 1 հասցեում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։  

Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

 Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է որոշումներ՝ Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների բենզալցակայանների շահագործումն ամբողջությամբ դադարեցնելու վերաբերյալ։

Հոկտեմբերի 23-ին վերոնշյալ հասցեներում գործունեություն ծավալող տնտեսավարողների և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում համատեղ ուժերով բենզալցակայաններն ապամոնտաժվել են։