Իրանը «3+3» հանդիպմանն առաջարկել է տրանսպորտային ճանապարհային քարտեզ մշակել

Իրանը «3+3» հանդիպմանն առաջարկել է տրանսպորտային ճանապարհային քարտեզ մշակել
Իրանը Ռուսաստանին, Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել է Հարավային Կովկասում համապարփակ տրանսպորտային ճանապարհային քարտեզ մշակել։ Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպումից հետո այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Աբդոլլահիանն առաջարկել է այդ նպատակով հանդիպում անցկացնել տարածաշրջանի երկրների տրանսպորտի նախարարների հետ՝ նշելով, որ քարտեզը պետք է համապատասխանի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։
«Համագործակցության կարևոր ուղղություններից մեկը տրանսպորտն է: Ներկա իրավիճակում Կովկասը անհրաժեշտ պայմաններ է գտել ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի ցանցեր ստեղծելու համար: Խոսքը վերաբերում է Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքների իրականացման անհրաժեշտությանը` ելնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերից», - ասել է Աբդոլլահիանը:
 
Հիշեցնենք` հոկտեմբերի 24-ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։ 
 
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
 
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am