Տեսչական մարմնի աշխատակիցները ծանոթացել են համաճարակաբանական տեղեկատվության ստացման նոր համակարգին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած «Համաճարակաբանական տեղեկատվություն բաց աղբյուրներ (ՀՏԲԱ)» խորագրով դասընթացին։
Ըստ ՍԱՏՄ-ի հաղորդագրության, դասընթացի ընթացքում ներկայացվել են հանրային առողջությանը սպառնացող՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների վաղ հայտնաբերման, հաստատման,
գնահատման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման հիմնական մեխանիզմները, կանխարգելման համապատասխան միջոցառումների հաջորդականությունը։
Մասնակիցները ծանոթացել են բաց աղբյուրներից համաճարակաբանական տեղեկատվության ստացման համակարգի օգտագործման գործընթացին՝ համաճարակային հսկողության և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող իրադարձությունների վաղ բացահայտման համար։
Դասընթացը Հայաստանում Միջազգային առողջապահական կանոնների (2005) ներդրման ուղղությամբ իրականացված հերթական քայլերից է, և այն հնարավորություն կտա պատասխանատու կառույցներին առավել թիրախային և հետևողական քայլեր ձեռնարկել ոլորտային գործընթացների կազմակերպման հարցում։