ԼՂ–ից բռնի տեղահանվածները կօգտվեն փախստականի համար նախատեսված իրավունքներից

ԼՂ–ից բռնի տեղահանվածները կօգտվեն փախստականի համար նախատեսված իրավունքներից

ԼՂ–ից բռնի տեղահանվածները ստացան փախստականի կարգավիճակ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ներկայացնելով որոշումը` ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվում հետևյալ անձինք` ԼՂ ռեգիստրի հաշվառումներով անցնողները, ՀՀ տարածքում կամ ՀՀ–ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ–ն և նաև այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ–ում ու 2023 թ. սեպտեմբերի 19–ից հետո հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։

«Այսպիսով կհստակեցվի այս մարդկանց իրավական կարգավիճակը, դրանով նաև նրանց իրավունքների և պարտականությունների շրջանակը։ Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձինք օրենքի ուժով դառնում են փախստական և օգտվում են փախստականների համար օրենքով ու միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքներից։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ձեռնամուխ լինել նրանց իրավունքների ու օրինական շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը»,– ընդգծեց նա։

Նախարարն ավելացրեց, որ այս մարդիկ կարող են դիմել ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և 3–ամսյա ժամկետում ստանալ համապատասխան փաստաթուղթ, որը կարող են ցույց տալ այլ երկրների դեսպանատներին ու այդպիսով հնարավորություն կունենան նաև երկրից դուրս գալ, ճամփորդել։

ՀՀ կառավարության նիստը վարող Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ այս որոշումն ընդունվելուց ու կարգավիճակը հաստատվելուց հետ ԼՂից բռնի տեղահանված այն մարդիկ, որոնք կցանկանան իրենց կենսաթոշակային իրավունքը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված մեխանզիմներին, կարող են դիմել ու ստանալ ՀՀ քաղաքացիություն, ապա արագ մեխանիզմներով կառավարությունը կապահովի և կերաշխավորի նրանց կենսաթոշակների վճարումները։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր կողմից նաև ավելացրեց, որ դառնալով ՀՀ քաղաքացի` այս մարդիկ այլևս չեն կարող օգտվել փախստականի համար նախատեսված պետական աջակցության ծրագրերից։

Աղբյուրը՝   armeniasputnik.am