Քայլեր են ձեռնարկվում անշարժ գույքի ոլորտում թղթային փաստաթղթաշրջանառության ծավալները նվազեցնելու ուղղությամբ

Քայլեր են ձեռնարկվում անշարժ գույքի ոլորտում թղթային փաստաթղթաշրջանառության ծավալները նվազեցնելու ուղղությամբ

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում թղթային փաստաթղթաշրջանառության ծավալները նվազեցնելու նպատակով՝ կստեղծվի էլեկտրոնային միջավայր: Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում (ARPIS) և Կադաստրի կոմիտեի e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում:

Ըստ հիմնավորման՝ Կադաստրի կոմիտե անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գույքի տեղեկատվության տրամադրման համար դիմումների հետ ներկայացվում են փաստաթղթեր։ Փաստաթղթերը տեսաներածվում և պահպանվում են ARPIS տեղեկատվական համակարգում։ Փաստաթղթերը ներկայացվում են տարբեր եղանակներով՝ առցանց, վեբ սերվիսների, սպասարկման գրասենյակների միջոցով և մուտքագրվում են տարբեր եղանակներով և որակով։ Քաղաքացիները ստիպված են լինում տարբեր մարմիններից հավաքագրել փաստաթղթեր և թղթային եղանակով ներկայացնել Կադաստրի կոմիտե։

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով՝ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաև հողը քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում լինելու կամ չլինելու մասին տեղեկանքը, հողի և շինության նպատակային կամ գործառնական նշանակությունը սահմանելու կամ փոփոխելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնում են դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները՝ էլեկտրոնային եղանակով: Ուստի կարիք է առաջացել մշակելու համապատասխան միջավայր, որը կապահովի նշված փաստաթղթերի մուտքագրումն էլեկտրոնային եղանակով:

Շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված շինությունները նույնականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել e-cadastre.am հարթակում ստեղծել ենթաբաժին, որը հնարավորություն կտա ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին շինարարության թույլտվությունները տրամադրելուց հետո՝ դրանց վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն ու տվյալները մուտքագրելու առցանց գրասենյակում։ Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում (ARPIS) ստեղծվել է նաև հասցեների նոր շտեմարան, որում պետք է մուտքագրվեն հասցեները: