ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին
«Բարև ձեզ,
Հարգելի՛ պարոն նախարար,
Ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում` Երևանում։ Որպես շարունակություն նախորդ տարի Լեհաստանում մեր հանդիպման և ձեռքբերված պայմանավորվածությունների՝ սա Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն՝ մեր հարաբերությունների վերականգնումից հետո, երկարատև ընդմիջումից հետո: Ես հավատացած եմ, որ փոխադարձ այցելություններն իսկապես նպաստում են հարաբերությունների զարգացմանը և ուզում եմ հիշատակել նաև Հունգարիայի փոխվարչապետի այցելությունը Հայաստանի Հանրապետություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մեր նախարարի այցելությունը Հունգարիա, այժմ Ձեր այցելությունը Հայաստան: Պետք է ասեմ, որ աշխատանքներ են տարվում նոր փոխադարձ այցելություններ կազմակերպելու ուղղությամբ:
Կարևոր եմ համարում երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը և նրանց հետագա հարաբերություններն ու գործընկերությունը: Կարծում եմ, որ այս ամենը, նաև միջխորհրդարանական համագործակցությունը, հիմք կդառնա ինչպես երկկողմ հարաբերությունների հետագա բարելավման համար, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության համար:
Իհարկե, կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Հունգարիայում պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հայ համայնքի գոյությունը և Հունգարիայի կառավարության հոգածությունը հայ համայնքի նկատմամբ: Եվ դրա վառ օրինակներից է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացումը:
Ձեր այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ մենք կարող ենք խոսել, ինչպես նշեցի, առկա հնարավորություններից, բայց և պետք է կարողանանք համարժեք գնահատել տարածաշրջանային ընդհանուր զարգացումները, որոնք իրենց հերթին էական ազդեցություն ունեն տարածաշրջանի անվտանգային իրադրության և կայունության վրա։
Վստահ եմ, որ Հունգարիան, նաև որպես ԵՄ անդամ երկիր, քաջատեղյակ է բոլոր զարգացումներին: Կընդգծեմ, որ Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման և այլատյաց քաղաքականության բացառում, քանզի մենք արդեն ականատես ենք եղել դրա դրսևորումներին, որոնց մասին բազմիցս ենք ահազանգել: Ընդամենը մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, և ավելի քան 100.000 հայեր ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար փախչել, բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից, լքեցին իրենց պատմական հայրենիքը և այժմ որպես փախստական ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում:
Փոխվստահության մթնոլորտի ձևավորման հնարավորության ստեղծման համար, իհարկե, կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրումը և նաև Լեռնային Ղարաբաղում թողնված հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրումը: