Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50 000 դրամ աջակցություն կտրվի առաջնային սպառողական ծախսերը հոգալու նպատակով

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերի վերաբերյալ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ներկայացրել է 100 000 դրամ միանվագ աջակցության և 40000+10000 դրամ ծրագրի շրջանակում վճարման գործընթացը: Նա տեղեկացրել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցությունն արդեն իսկ փոխանցվել է շուրջ 100 000 քաղաքացու: Ինչ վերաբերում է 40000+10000 դրամ աջակցության ծրագրին, որն իրականացվում է բնակվարձի և կոմունալ վճարներ կատարելու նպատակով, 41611 անձ արդեն իսկ ստացել է այդ գումարը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ երեկ կայացած Կառավարության նիստի արդյունքում որոշակի փոփոխություն է կատարվել աջակցության ծրագրին վերաբերող որոշման մեջ: Ըստ այդմ՝ շահառու է համարվելու նաև այն անձը, ով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով տեղափոխվել է Հայաստան:
Խոսելով Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ևս մեկ ծրագրի մասին, Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50 000 դրամ աջակցություն կտրվի առաջնային սպառողական ծախսերը հոգալու նպատակով: Այս ծրագրի շահառուներ են հանդիսանալու բոլոր այն անձինք, ովքեր տեղահանվել են սեպտեմբերի 19-ից հետո կամ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով որպես բուժառու կամ այլ նպատակներով տեղափոխվել են Հայաստան: