Արփունքում կառուցվում է ոռոգման ջրատար

Արփունքում կառուցվում է ոռոգման ջրատար

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արփունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի արտաքին ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Արփունքի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 88 միլիոն 615 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցում երկաթբետոնյա կիսախողովակներով, 3 կիլոմետր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից եւ նույն տարվա հոկտեմբերի 30-ի դրությամբ արդեն իրականացվել շուրջ 90 տոկոսով։ Ծրագրի իրականացման արդյունքում եկող տարվանից արդեն սահմանամերձ Արփունք գյուղի շուրջ 20 հեկտար   տնամերձ հողամասերում ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ եւ ժամանակին։

Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Սպիտակ բազե» ՍՊԸ շինարարները։