Ավարտին են մոտենում Գավառի եւ Նորատուսի փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Ավարտին են մոտենում Գավառի եւ Նորատուսի փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները, որոնք մեկնարկել էին այս տարվա  մարտ ամսվա երկրորդ կեսից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի քաղաքի եւ Նորատուս գյուղի  փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 295 միլիոն 900 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված էր ասֆալտապատմամբ հիմնանորոգել Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացի եւ Կաբելագործների փողոցները, Դաշտոյան նրբանցքը, Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորչի փողոցը եւ Պանթեոնի ներսի ճանապարհը։ Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ճարտարագետ Բաղդասար Նազեյանի տեղեկացմամբ՝ Գրիգոր Նարեկացի փողոցն ասֆալտապատվել է 480 գծամետր երկարությամբ եւ 3872 քառակուսի մետր մակերեսով։ 1700,6 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում է իրականացվել նաեւ մուտքերում եւ ուղիներում, բազալտե սալիկներով կառուցվում է 2528,2 քառակուսի մետր մակերեսով մայթեր, 1106 գծամետր երկարությամբ տեղադրվել են  բազալտե եզրաքարեր։ Կառուցվել է նաեւ 474 մետր երկարության հեղեղատար-կոյուղի։

Դաշտոյան նրբանցքը ասֆալտապատվել է 421 մետր երկարությամբ, 3444 քառակուսի մետր մակերեսով։ Եվս 446, 35 քառակուսի մետր կազմել են ասֆալտապատ մուտքերը եւ ուղիները, կատարվել է 45 խորանարդ մետր ծավալով գաբիոնային շարվածք։

Կաբելագործների փողոցում ասֆալտապատվել է 388 գծամետր երկարության եւ 2461 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ, 330 քառակուսի մետր մակերեսով մայթ, ճանապարհի երկայնքով մեկ տեղադրվել են բազալտե եզրաքարեր եւ ջրահեռացման երկաթբետոնյա վաքեր։

Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցն ասֆալտապատվել է 380 գծամետր երկարությամբ եւ 4062 քառակուսի մետր մակերեսով։ Եվս 455,81 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում կատարվել է մուտքերում եւ ուղիներում, 251 քառակուսի մետր՝ մայթերում։ Տեղադրվել են  335 գծամետր երկարության բազալտե եզրաքարեր։

Նորատուսի Պանթեոնում ասֆալտապատվել է  119 գծամետր երկարության եւ 1127 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ։ 478 գծամետր երկարությամբ տեղադրվել են բազալտե եզրաքարեր։

«2023 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ  շինարարական աշխատանքներն ավարտված  են բոլոր տեղամասերում, բացառությամբ Գրիգոր Նարեկացի փողոցի, որտեղ այժմ ընթանում են մայթերի սալիկապատման աշխատանքներ, որոնք կավարտվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում, որով եւ ավարտված կլինի ամբողջ ծրագիրը»,-նշեց Բաղդասար Նազեյանը։