Սոցիալական բնակարանների նոր ծրագիր՝ Գյումրիում

Սոցիալական բնակարանների նոր ծրագիր՝ Գյումրիում
Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում հոկտեմբերի 30-ին, տրվել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագրի մեկնարկը։ Արմերիկյան «Փարոս» հիմնադրամի սոցիակական ծրագրեր իրականացնող «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կյանքի կոչվող ծրագրի մեկնարկին ներկա են եղել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանը, ծրագրի ղեկավար Արմեն Սիմոնյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, հյուրեր և այլք։
Վարդգես Սամսոնյանը ողջույնի իր խոսքում կարևորել է ծրագիրը, խոսել Գյումրիում սոցիալական բնակարանների կառուցման ու տրամադրման հաջողված մոդելի մասին, ապա ընդգծել՝ ծրագրի իրականացումը մոտ երկու տասնյակ ընտանիքի հնարավորություն կտա ապրելու բարեկեցիկ պայմաններում, ունենալու քարաշեն բնակարաններ: Վարդգես Սամսոնյանն իր խոսքում նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր իրենց ներդրումն ունեն անչափ կարևոր այս ծրագրի իրականացման գործում:
«Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար/ներկայացուցիչները ևս խոսել են ծրագրի կարևորության մասին, ապա նաև շնորհակալություն հայտնել համագործակցության համար:
Սույն տարվա մայիսի 13-ին Գյումրու համայնքապետարանը և «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը կնքել էին համագործակցության հուշագիր, որով նախատեսվում էր համագործակցել սոցիալ-կրթական և արտադրական ոլորտներում։
Գյումրու համայնքապետարանը պարտավորվել էր հատկացնել անավարտ բազմաբնակարան շենք և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում աջակցել ու օժանդակել հատկացված բազմաբնակարան շենքի լրակառուցման շինարարական աշխատանքներին և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման գործընթացին:
«Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը պարտավորվել էր ներդնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, լրակառուցել շենքը՝ որպես սոցիալական բնակարաններ և կառուցումից հետո այն վերադարձնել համայնքին։🔶️Առաջին հարկը թողնվում է ընկերությանը՝ սոցիալ-կրթական և արտադրական նպատակներով օգտագործելու համար: