Քերոբյանը չի բացառում, որ 2024-ին կսկսվի «չոր նավահանգստի» և չոր ինդուստրիալ պարկի շինարարությունը

Քերոբյանը չի բացառում, որ 2024-ին կսկսվի «չոր նավահանգստի» և չոր ինդուստրիալ պարկի շինարարությունը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  հավանական է համարում, որ Գյումրիում «չոր նավահանգիստ» և չոր ինդուստրիալ պարկ կառուցելու ծրագիրը տարեվերջին հավանություն կստանա, իսկ 2024-ին կմտնի գործնական փուլ:  

Քերոբյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

«Մենք պատվիրել ենք և հիմա իրագործման ընթացքում է խորը տեխնիկատնտեսական վերլուծությունը, որն անում է հոլանդական MTBS ընկերությունը: Ընկերության կողմից տրամադրված նախնական զեկույցը ցույց է տալիս, որ կա բավարար պահանջարկ՝ չոր ինդուստրիալ պարկի կառուցման համար: Ըստ պլանի՝ մինչև տարվա վերջ կունենանք վերջնական զեկույցը, որից հետո Հանրային ներդրումային կոմիտեն ևս մեկ անգամ պետք է որոշում կայացնի այդ ծրագիրը շարունակելու և համապատասխան ներդրումներ իրականացնելու վերաբերյալ»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը մեծ է համարում հավանականությունը, որ դեկտեմբերին Հանրային ներդրումային կոմիտեում քննարկումից հետո «չոր նավահանգստի» և չոր ինդուստրիալ պարկի ծրագրի իրականացմանը հավանություն կտրվի: Ըստ նախարարի՝ դա, հավանաբար, կլինի պետություն-մասնավոր գործընկերության մոդելով:

«Մենք պետք է փորձենք ներգրավել առաջնակարգ օպերատոր, որը կկարողանա բարձր մակարդակի կառավարում իրականացնել թե՛ ինդուստրիալ պարկի հատվածում, թե՛ լոգիստիկ հատվածում»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք 2024-ին չոր նավահանգստի ծրագիրը կմտնի՞ գործնական փուլ՝ Քերոբյանը դրական պատասխան տվեց: «Կարծում եմ, որ 2024 թվականին մենք անպայման կանցնենք տենդերի նախապատրաստման և իրականացման փուլերով: Կարծում եմ՝ նույնիսկ կարող ենք հուսալ, որ 2024-ին որոշ շինարարական աշխատանքներ կսկսվեն»,-ասաց նա:

Նախարարն այս ծրագիրը ներկայացրել է նաև տարբեր երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ տարբեր գործարար համաժողովներում: Քերոբյանի տպավորությամբ՝ այն բավականին լավ է ընկալվում: Հետաքրքրություն կա թե՛ Ծոցի երկրներից, թե՛ Հարավարևելյան Ասիայից: