Հայաստանն իր արտաքին տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ջանքեր է գործադրում. Քերոբյան

Հայաստանն իր արտաքին տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ջանքեր է գործադրում. Քերոբյան

Հայաստանի համար կարևոր են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները, սակայն երկրի կառավարությունը միաժամանակ ջանքեր է գործադրում արտաքին տնտեսական հարաբերությունները նաև այլ ուղղություններով դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Անդրադառնալով Վերին Լարսի անցակետում կոնյակի արտահանման սահմանափակումների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ նախարարն ասաց, որ հիմա տարբեր ուղղություններով առևտրային գործարքները նորմալ իրականացվում են:

«Այդ խնդիրը, որը մի քանի օր կար, հիմա չկա»,- ասաց Քերոբյանը:

Նա հավելեց, որ որոշ ընկերություններ լաստանավային ուղղությամբ են արտահանում իրականացրել, այդ ուղղությամբ ընդհանրապես խնդիր չի եղել:

Նախարարը Հայաստանից Ռուսաստան արտահանման գործընթացում խոչընդոտներ չի տեսնում:

«Մեզ համար շատ կարևոր են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները, և մենք դրանք զարգացնում ենք: Բայց նաև մենք էական ջանքեր, ռեսուրսներ ու ժամանակ ենք ծախսում, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր արտաքին տնտեսական հարաբերությունները նաև այլ ուղղություններով», - նշեց Քերոբյանը:

Ըստ նախարարի՝ այդ ուղղությամբ էլ կան որոշ հաջողություններ: Օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ  վերջին 2-3 տարում փոխադարձ առևտուրը տասնապատկվել է, շրջանառությունն արդեն  գերազանցում  է 1 մլրդ դոլարը: Նախարարը կարծում է, որ այդ ծավալը կհասնի 1.5, նույնիսկ 2 մլրդ դոլարի: Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց՝ կարևոր է, որ արդեն առկա գործարար կապերն ամրապնդվեն ու զարգանան։

Կառավարությունը շատ մեծ պոտենցիալ է տեսնում նաև այլ ուղղություններով: «Գերմանիայի և ԱՄՆ-ի հետ շատ մոտ ենք երկկողմ առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարն անցկացնելուն, էապես աճում է Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունը», - նշեց Քերոբյանը:

Հայաստանը նոյեմբերին Շանհայում մեծ տաղավարով մասնակցելու է Չինաստանի ամենախոշոր միջազգային ցուցահանդեսին: Ներկայացված են լինելու 20-ից ավելի ընկերություններ: Հայաստանը փետրվարին մասնակցելու է Արաբական Միացյալ Էմիրություններում խոշորագույն միջազգայի ցուցահանդեսի: «Ընդհանուր առմամբ մեր մասնակցությունը տարածաշրջանային ցուցահանդեսներին էապես դիվերսիֆիկացրել ենք», - նշեց նա:

Հոկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ ռուսական կողմը մաքսային հսկողություն էր իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող ողջ կոնյակի նկատմամբ: Հայկական կոնյակով բեռնված տասնյակ մեքենաներ Վերին Լարսում սպասում էին իրենց հսկողության ավարտին: Սակայն հոկտեմբերի 4-ի ուշ երեկոյան ռուսական կողմը հանել էր կոնյակի մասով իր սահմանած նոր կարգավորումը: