Քննարկվել են 2024 թ. պետբյուջեի նախնական տարբերակում ներառված տնտեսական բնագավառի բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները

Քննարկվել են 2024 թ. պետբյուջեի նախնական տարբերակում ներառված տնտեսական բնագավառի բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները

2024 թվականին ակնկալվում են 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի հարկային եկամուտներ: Պետական եկամուտների կոմիտեի ծախսերը նախատեսվել են 37 միլիարդ 369 միլիոն դրամ, որից 80 տոկոսը ընթացիկ ծախսերն են, 20 տոկոսը` կապիտալ: Ընթացիկ տարվա համեմատ շուրջ 2 միլիարդ դրամով ավելի են կապիտալ ծախսերը: Կիրականացվի մեկ ծրագիր` 12 միջոցառում:

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված տնտեսության տարբեր բնագավառների թվային տվյալները:

Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հոկտեմբերի 31-ին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2024 թվականի պետբյուջեի նախագծի տնտեսության ոլորտի նախնական ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:

2024 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 24 միլիարդ 858 միլիոն դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Հատկացվելիք միջոցներն ուղղվելու են մի շարք ծրագրերի իրականացմանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի գծով 2024 թվականին նախատեսվել է հատկացնել 5 միլիարդ 397 միլիոն դրամ:

Ծրագրի նպատակը բարձր տեխնոլոգիաների ենթակառուցվածքների բարելավումն է:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գծով նախատեսվում է հատկացնել 92 միլիարդ 227 միլիոն  դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: 36 տոկոս կապիտալ ծախսերն են: Կիրականացվի 5 ծրագիր` 32 միջոցառում:

Կադաստրի պետական կոմիտեին կհատկացվի 2023 թվականի համար նախատեսված գրեթե նույն գումարի չափը` 4 միլիարդ 497 միլիոն դրամ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կֆինանսավորվի 1 միլիարդ 117 միլիոն դրամով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 172 միլիարդ դրամ: Կապիտալ ծախսերը 141 միլիարդ դրամ են, ընթացիկ ծախսերը` 30 միլիարդ: Կիրականացվի 12 ծրագիր` 75 միջոցառում:

Քաղաքաշինության կոմիտեի համար նախատեսվել է 5 միլիարդ դրամ, որը 2 միլիարդով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Կիրականացվի մեկ ծրագիր` 8 միջոցառում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կհատկացվի 730 միլիոն դրամ, որը 170 միլիոնով ավելի է 2023 թվականի ֆինանսական հատկացումից:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր դիտարկումներն ու մտահոգություններն է ներկայացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին առնչվող ֆինանսական հատկացումների վերաբերյալ:

Ըստ նրա` նախորդ տարի 60 տոկոսից ավելի աճ է եղել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում: Աշխատակիցների քանակը 43 հազարը գերազանցում է, ՀՆԱ-ում կշիռը 5.1 տոկոսն է գերազանցում, որը, ըստ նրա, լավ ցուցանիշ է: Նա հույս է հայտնել, որ կունենանք ոլորտի շարունակական աճ:

Նշվել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիական ոլորտում մրցակցություն չունի: Ըստ նրա` ապագայում ավելի մեծ ներդրումներ պետք է արվեն բնագավառում:

Ներկայացնելով մտահոգությունները` նա փաստել է, որ Հայաստանում կրճատվում են ՏՏ ոլորտում իրականացվող ծրագրերը:

Նրա խոսքով 2021 թվականի «Գաղափարից` գործարարություն» ծրագրի շրջանակում ստարտափերին որպես դրամաշնորհ հատկացվել է 562 միլիոն դրամ: Այդ միջոցները նախատեսված են եղել 50 ընկերությունների համար:

«2022 թվականին այդ գումարը կազմել է 350 միլիոն դրամ: 2023 թվականին գումարը մնացել է նույնը: Դրանք դրամաշնորհներ են, որոնք ստանում են ստարտափերը շուկա դուրս գալու համար: Դրանք պետք են տեխնոլոգիաներում ներդրումների համար»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Նշվել է, որ 2020 թվականին գործարկվել է «Վիրտուալ կամուրջ» նախագիծը: «Սակայն հետագայում կորոնավիրուսի համավարակը սկսվեց, սկսվեց պատերազմը: Արդյունքում` ծրագիրը լիովին դուրս մնաց պետբյուջեից: Եվ դա այն դեպքում, երբ նախատեսվում էր ծախսել մոտ 1 միլիարդ դրամ: Ծրագիրը, մասնավորապես, հնարավորություն էր տալիս ձեռներեցներին վերապատրաստվել արտասահմանում, այդ թվում` Սիլիկոնային հովտում»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

Նա ուշադրություն է հատկացրել նաեւ «Բուհ-մասնավոր հատված համագործակցություն. մասնագետների պատրաստումը» ծրագրին, որը ենթադրում էր տարբեր ոլորտների աշխատողների զանգվածային վերապատրաստում: «2020 թվականին, երբ այն գործարկվեց, վերապատրաստում անցել էր 5225 մարդ: 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2896, 2022 թվականին` 791, 2023 թվականին` միայն 500 մարդ»,- նշել է Հակոբ Արշակյանը: Նվազել է նաեւ ծրագրի ֆինանսավորումը. 2020 թվականի 390 միլիոնից 2023 թվականին 100 միլիոն դրամ:

Նրա խոսքով մարդկանց թիվը պետք է ավելանա, ոչ թե կրճատվի: Պետությունը պետք է խթանի կրթություն ստանալը, մասնավորապես, համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում, ինչը նրա կարծիքով, երկրի ապագան է, եւ այն մրցակցային առավելություն ունի այս մասով:

ՀՀ ֆինանսների նախարարն ի պատասխան փաստել է, որ կդժվարանա բացատրել` ոլորտում ի՞նչ պատճառներով են տեղի ունենում ֆինանսական այդ նվազումները: «Համամիտ եմ, որ այս ոլորտում անելիքներ շատ ունենք: Սա այն ոլորտն է, որ ապահովել է Հայաստանի տնտեսական առաջանցիկ զարգացումը»,- ասել է Վահե Հովհաննիսյանը: Ըստ նախարարի` առաջիկայում կքննարկվեն ոլորտին առնչվող բոլոր խնդիրները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցն առնչվել է Երեւանի մետրոպոլիտենի հետ կապված հրատապ խնդիրներին: «Խոսքը մոտ 650 միլիոն դրամ գումարի մասին է եւ ասվել է, որ այդ ֆինանսավորումը լինելու է հաջորդ տարվա բյուջեով: Դատելով քաղաքապետի ելույթից` այդ հարցը ամենահրատապն է Երեւանի համար: Քանի որ հարցը վերաբերում է ե'ւ Երեւան քաղաքին, ե'ւ բյուջեին, ե'ւ տրանսպորտին, կխնդրեի Ձեր մեկնաբանությունը: Եթե հարցն այդքան հրատապ է` միջոցներ չունե՞նք պահուստային ֆոնդից»,- հետաքրքրվել է Բակեն Թունյանը:

Ֆինանսների նախարարն ի պատասխան նշել է, որ 2024 թվականի բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երեւանի մետրոպոլիտենի վերանորոգման համար եւ 4 միլիարդ դրամ` նոր կայարանի կառուցման համար: Ըստ Վահե Հովհաննիսյանի` Երեւանի մետրոպոլիտենի համար արդեն այս տարի գումարներ հատկացրել են եւ նամակ են ստացել քաղաքապետարանից, որում նշված էր, որ տարբեր ծրագրերի համար նախատեսված գումարներից վերաբաշխում է արվել Երեւանի մետրոպոլիտենի այլ կապիտալ ծախսեր անելու համար:

Նրա խոսքով քաղաքապետարանին հարցադրումներ են ուղարկել, թե ինչու են վերաբաշխումներ արել եւ պատասխանը ստանալուց հետո միայն կարող են կարծիք հայտնել:

«Ինչ վերաբերում է Երեւանի մետրոպոլիտենին, ապա քննարկել ենք Երեւանի մետրոպոլիտենում երկար տարիներ ներդրում չանելու փաստը եւ հասկացել ենք, որ, այո', մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ Երեւանի մետրոպոլիտենին հրատապ ներդրումներ են անհրաժեշտ: Եվ այդ պատճառով բավականին լուրջ գումարներ ենք հատկացրել»,- նշել է Ֆինանսների նախարարը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, որ տնտեսական աճին նպաստող գործոնների մեծամասնությունն արտաքին են: «Եթե փորձենք զտել ներքին ու արտաքին գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա, եթե միջինացնենք տնտեսական արտաքին պայմանները, վերջին 5 տարվա կտրվածքով մեր տնտեսական աճը որքա՞ն կլիներ»,- հարցրել է պատգամավորը:

Ի պատասխան Ֆինանսների նախարարը նշել է. «Սովորաբար գնահատվում է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական պոտենցիալը կազմում է 5.5 տոկոս: Այսինքն` այս պահի դրությամբ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս: Այս պոտենցիալից են կախված այն կապիտալ ներդրումները, որոնք մենք իրականացնում ենք: Այդ պոտենցիալի մեծությունը կախված  է ներդրումներից, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայից եւ այն բարեփոխումներից, որոնք մենք իրականացնում ենք»:

Վահե Հովհաննիսյանը փաստել է, որ Կառավարության հիմնական ջանքը պետք է ուղղված լինի այդ պոտենցիալի բարձրացմանը: Ըստ նրա` Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճի: 2024 թվականի համար եւս տնտեսական աճի թիրախ է սահմանվել 7 տոկոսը: