Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը

2024 թվականին կառույցին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 117 մլն դրամ, որից 82 տոկոսը հատկացվելու է աշխատավարձերի վճարմանը, իսկ մնացած 18 տոկոսը` կառույցի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերմանը, ընդ որում` 7 տոկոսն ուղղվելու է ՀԷՑ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների կողմից իրականացվող ներդրումների տեխնիկական աուդիտի ձեռքբերմանը: Այս մասին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 31-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը 2024 թվականին առաջնորդվելու է իր գործունեության ծրագրով, որն արդեն ներկայացվել է ԱԺ-ին: Տարեվերջին կհաստատվի նաեւ աշխատանքային ծրագիրը: Գալիք տարում կշարունակվեն իրականացվել լիցենզիաների տրամադրման, դրանց փոփոխությունների իրականացման, դիմում-հայտերի ուսումնասիրման, եւ ըստ անհրաժեշտության` սակագների վերանայման եւ այլ աշխատանքներ:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը, պատասխանել պատգամավորների հարցերին:

Պատգամավորները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրել են  «Վեոլիա ջուր» ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման թերացումների,  մասնավորապես, բազմաթիվ գյուղական բնակավայրերի` խմելու ջրից զրկված լինելու, ջրի կորստի, առկա այլ խնդիրների վրա: Նշվել է, որ քաղաքացիների բողոքներն այս կապակցությամբ բազմաթիվ են: Պատգամավորներն անթույլատրելի են համարել ընկերության նման աշխատելաոճը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ ընկերությունն ընդամենը պետք է համայնքներում ներդրումներ անի, տեղադրի ջրաչափեր եւ վերացնի անարդարությունը` հասանելի դարձնելով խմելու ջուրը բոլորին հավասարապես:

Գարեգին Բաղրամյանը պարզաբանել է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը վարձակալել է ջրամատակարարման համակարգը եւ ունի պարտադիր կատարման ենթակա ներդրումներ` տարեկան մոտ 3,7 մլրդ դրամի չափով: Ընկերությունը տարեկան ներդրումների չափը հասցնում է 4-5 մլրդի: Նրա խոսքով սա կաթիլ է ծովում, ներդրումներն էլ հիմնականում պետք է ուղղվեն հրատապ լուծում պահանջող հարցերի լուծմանը, վթարների վերացմանը: «Իսկ ներդրումների պահանջը հիմնականում դրված է Ջրային կոմիտեի եւ պետության վրա»,- ասել է բանախոսը` տալով պարզաբանումներ:

Պատգամավորներ Գեւորգ Պապոյանը եւ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել են խնդիրներ, որոնք առնչվում էին բազմաբնակարան շենքերի ջրամատակարարմանը, ինչպես նաեւ Փարաքար համայնքի Արարատյան փողոցի ջրահեռացման հարցի կարգավորմանը, «Վեոլիա ջուր» ընկերության  անհասանելիությանը: