Մեր երկրի խնդիրը ոչ թե էժան կամ թանկ գին, այլ արդար մրցակցային գներ ապահովելն է. ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյան

Մեր երկրի խնդիրը ոչ թե էժան կամ թանկ գին, այլ արդար մրցակցային գներ ապահովելն է. ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյան

2024 թվականին բյուջետային հայտով ներկայացվել է 739 մլն 12 հազար դրամ, որից 597 մլն 12 հազար դրամն ապարատի պահպանման ծախսերն են եւ այս տարի տեղի ունեցած միակ փոփոխությունն այն է, որ շենքերի եւ շինությունների կապիտալ նորոգման համար նախատեսվել է 126 մլն դրամ: Ինչպես տեղեկացրել էինք, Կառավարությունը հատկացրել է շենք, որը պետք է նախագծվի, այնուհետեւ վերանորոգվի: Այս տարվա վերջին եռամսյակում կտրամադրվի նախագծման կանխավճար: Մյուս տարի նախագիծն ամբողջապես կավարտվի եւ կհայտարարվի շինարարության մրցույթ: Նշեմ որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայում վարձակալության հիմունքներով է իր տարածքն օգտագործում: Եվ այս ծրագիրը նպատակ է հետապնդում, որ այլեւս վարձակալության գումարներ չտրամադրվեն. ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանը հոկտեմբերի 31-ի ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ:

Ըստ հանձնաժողովի նախագահի` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը յուրաքանչյուր տարի երկրի համար ռազմավարական սոցիալական նշանակություն ունեցող պարենային եւ ոչ պարենային ապրանքային շուկաներում իրականացնում է ուսումնասիրություն: Թիրախային շուկաների ուսումնասիրությունն իրականացվում է ամբողջությամբ: Օրենսդրության հարցերում եւս ունի նախաձեռնողականություն. 2023 թվականին մասնակցել է երկու օրենսդրական նախաձեռնության:

Մանրամասն ներկայացնելով հանձնաժողովի գործառույթները` Գեղամ Գեւորգյանը խոսել է կրթական համակարգում իրականացրած միջոցառումների մասին` նշելով, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մագիստրատուրայում` որպես նեղ մասնագիտացում, կդասավանդվեն տնտեսական մրցակցության վերաբերյալ առարկաներ: Իրականացվել է 100 թիրախային ուսումնասիրություն:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի խնդրանքով Գեղամ Գեւորգյանը ներկայացրել է բենզինի, դիզվառելիքի շուկայում տիրող իրավիճակը: «Ուսումնասիրության արդյունքները գրեթե պատրաստ են: Մենք փորձում ենք մշակել օբյեկտիվ որոշակի ձեւաչափ, ըստ որի` դրանք կներկայացնենք հանրությանը: 2022 թվականի հունվարից մինչեւ 2023 թվականի սեպտեմբեր ամբողջ տեղեկատվությունը վերլուծվել է: ՀՀ-ում գնային տատանումները գերազանցապես կապված են եղել ներմուծման ծավալի եւ գների հետ: Մեր երկրի խնդիրը ոչ թե էժան կամ թանկ գին, այլ արդար մրցակցային գներ ապահովելն է: 2018 թվականից սկսած շատ կարեւոր գործընթաց է տեղի ունենում. ՀՀ-ում էականորեն փոխվել է դերակատարների ծավալն այդ շուկայում, եւ այդ գործընթացը չի հանգեցրել առաջին եւ երկրորդ տեղ ներմուծողի վերացմանը: Թողնում ենք, որ շուկան ինքն աշխատի: Սա է ամբողջ մրցակցության իմաստը»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկել է ինֆորմատիվ բնույթի կարճ տեղեկանքներ հրապարակել, քանի որ վառելիքի գների տատանումների ժամանակ հասարակության կողմից ուշադրությունը մեծ է լինում: