Ներկայացվել է Կադաստրի կոմիտեի՝ 2024 թ. իրականացվելիք բյուջետային ծրագիրը

Ներկայացվել է Կադաստրի կոմիտեի՝ 2024 թ. իրականացվելիք բյուջետային ծրագիրը

Կադաստրի կոմիտեն 2024 թվականին իրականացնելու է 1 բյուջետային ծրագիր՝ անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում: Ծրագրի համար  հատկացվելու է 4 մլրդ 497 մլն դրամ. ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Զեկուցողի խոսքով հատկացվելիք գումարի 93,5 տոկոսն ուղղվելու է ընթացիկ ծախսերին: Աշխատանքի վարձատրության ընդհանուր ֆոնդը նախատեսվել է 3,5 մլրդ դրամ:

Նշվել է, որ շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը կկազմեն 10,5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ այլ ծառայությունների համար նախատեսվում է հատկացնել 85 մլն 947 հազար դրամ: Տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված ծառայություններին կուղղվի 164 մլն 633 հազար դրամ:

Կադաստրի կոմիտեի միջոցառումների իրականացման համար ստեղծվող խորհրդատվական կենտրոնների վերանորոգման համար նախատեսվում է կատարել 170 մլն դրամի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Նաեւ կիրականացվեն կոմիտեի վարչական տարածքների ընթացիկ նորոգման աշխատանքներ, որոնց կուղղվի 23 մլն 140 հազար դրամ: Գրասենյակային ապրանքների եւ նյութերի ձեռքբերման ծախսերը կկազմեն 55 մլն դրամ:

«Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառույթները կամ կապիտալ ծախսերը կազմելու են 290 մլն դրամ կամ ընդհանուր հայտի 6,5 տոկոսը»,- ընդգծել է Արամ Գուգարացը: