Ներկայացվել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գալիք տարվա հատկացումները
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին կհատկացվի շուրջ 24,8 մլրդ դրամ՝ 2023 թվականի տարեկան ճշտված 25,6 մլրդ դրամի նկատմամբ: Զգալի փոփոխություններ են կատարվել նախարարության բյուջետային ծրագրերի կառուցվածքում՝ ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշներում: Նախարարության պահպանման ծախսերի համար կհատկացվի 1,34 մլրդ դրամ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Տնտեսական եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով գալիք տարվա բյուջետային հատկացումները՝ տեղեկացրել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի կառուցվածքից ու բովանդակությունից դուրս կգա թվայնացման բաղադրիչը՝ դառնալով առանձին ծրագիր: Նախարարը մանրամասնել է նշված ծրագրի համար նախատեսված շուրջ 5,4 մլրդ դրամի սահմաններում իրականացվող միջոցառումները:
«Շուկաների զարգացում եւ միջազգային համագործակցություն» միջոցառման համար կհատկացվի 340 մլն դրամ: Գալիք տարում նախատեսվում է մասնակցություն հինգ միջազգային ցուցահանդեսների: «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» միջոցառման գծով հատկացվելու է 872,5 մլն դրամ: «Հեռահաղորդակցության ապահովում» ծրագրի գծով կհատկացվի 2,3 մլրդ դրամ, որի հաշվին կիրականացվեն մի շարք միջոցառումներ: «Հեռահաղորդակցություն եւ կապի կանոնակարգ» միջոցառման համար կհատկացվի 313,9 մլն դրամ, որը կուղղվի Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ի պահպանմանը: «Թվային հեռուստահեռարձակման ապահովման ծառայություն» միջոցառման նպատակը ՀՀ ամբողջ տարածքում թվային հեռուստահեռարձակման ապահովման նպատակով արբանյակային ունակության վարձակալությունն է՝ համաձայն կնքված պայմանագրի, որի համար յուրաքանչյուր տարի պահանջվում է շուրջ 80,2 մլն դրամ:
2024 թվականին նախատեսվում է իրականացնել «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագիրը, որի համար նախատեսված է 10 մլրդ դրամ: «Պետական մարմինների կողմից իրականացվող թվային փոխակերպման միջոցառումների ֆինանսավորում» միջոցառումը հնարավոր կլինի իրագործել տարբեր պետական մարմիններից ստացվող հայտերի հիման վրա: «Սա թվայնացման բյուջեն է, որն այլ գերատեսչություններում այլեւս նախատեսված չէ, ամբողջությամբ փոխանցված է նախարարությանը եւ Թվայնացման խորհրդում հավանության արժանացած ծրագրերը մեր բյուջեից կֆինանսավորվեն»,- նշել է Ռոբերտ Խաչատրյանը: