«Գեղարքունիք» ՋՕԸ-ում ամփոփում են 2023 թվականի ոռոգման շրջանի արդյունքները

«Գեղարքունիք» ՋՕԸ-ում ամփոփում են 2023 թվականի ոռոգման շրջանի արդյունքները

Գեղարքունիքում արդեն մեկ ամիս է, ինչ ավարտվել է  2023 թվականի ոռոգման շրջանը, եւ այժմ «Գեղարքունիք» ՋՕԸ-ում ամփոփում են տարվա արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, 2022 թվականի ոռոգման շրջանի 2000 հեկտարի համեմատ 2023 թվականին ընկերության կողմից սպասարկվել է 2135 հեկտար հողատարածք։ Ոռոգման համակարգերի արդիականացման, մատակարարվող ջրի կորուստների կրճատման արդյունքում հաջողվել է խնայել 1 միլիոն 200 հազար կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա, որը գումարային արտահայտությամբ կազմում է շուրջ 60 միլիոն դրամ։

«2023 թվականի հոկտեմբերի վերջին օրվա դրությամբ ոռոգման վարձավճարները գանձվել են շուրջ 80 տոկոսով, ու կան բոլոր հնարավորությունները, որ դրանք տարեվերջին հավաքագրվեն ամբողջությամբ։ Կարելի է ասել, որ մենք շատ բարեհաջող տարի ենք փակել, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մեր բաժանորդներին ջուրը մատակարարել ենք անխափան, առանց խոչընդոտների։ Պետական ծրագրերով մեր համայնքներում շարունակվել են ոռոգման համակարգերի արդիականացման աշխատանքները, որոնց շնորհիվ եկող տարվանից մենք կունենանք ավելի շոշափելի արդյունքներ »,-ներկայացրեց Արտաշ Սարդարյանը: