Նախագահի աշխատակազմի բյուջեն կաճի ավելի քան 3 միլիոն դրամով

Նախագահի աշխատակազմի բյուջեն կաճի ավելի քան 3 միլիոն դրամով

Հայաստանի նախագահի աշխատակազմի համար 2024 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվել է 1 միլիարդ 771 միլիոն 663 հազար դրամ, ինչը 3 միլիոն 34 հազար դրամով ավելի է 2023 թվականի համեմատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։

«Նախագահի աշխատակազմի կանոնադրական լիազորությունների իրականացման համար 2 միջոցառումներով 1 ծրագրի համար 2024 թվականի համար ներկայացրել է 1 միլիարդ 771 միլիոն 663 հազար դրամի բյուջետային հայտ 2023 թվականի 1 միլիարդ 686 միլիոն 361 հազար դրամի փոխարեն։ Տարբերությունը կազմում է 3 միլիոն 34 հազար դրամ, որը պայմանավորված է քաղաքացիական ծառայողների աշխատանքային ստաժի հետ կապված աշխատավարձի բնականոն աճով և աշխատակազմի համար նոր ցանցային սարքավորումների և հեռահաղորդակցության համակարգի ձեռքբերմամբ։ Հին համակարգը շահագործվում է ավելի քան 25 տարի, տեխնիկապես մաշված վիճակում է և աշխատում է անընդհատ խափանումներով, իսկ վերանորոգման ծախսերը բացարձակապես անարդյունավետ կլինեն։ Նոր ցանցային սարքավորումների և հեռահաղորդակցման համակարգի շնորհիվ կբարձրանա նախագահի աշխատակազմի գործունեության, ինչպես նաև պետական մարմինների, քաղաքացիների ու լրատվամիջոցների հետ փոխգործակցության որակն ու արդյունավետությունը»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ 2024 թվականի աշխատակազմի համար նախատեսված բյուջեի շուրջ 95,16 տոկոս նախատեսված է հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովման միջոցառման համար, իսկ 4,84 տոկոսը՝ նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման համար։