Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ ԵՄ պատվիրակությանը ներկայացվող առաջարկները

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ ԵՄ պատվիրակությանը ներկայացվող առաջարկները

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Առանցքում եղել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ Եվրոպական միության պատվիրակությանը ներկայացվող առաջարկները:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ԵՄ պատվիրակության քաղաքական եւ մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխաիլը, ԵՊՀ կրթական ծրագրերի համակարգող Սվետլանա Մինասյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Ողջունելով մասնակիցներին` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը նշել է. «Միջազգային գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում եւ վերջերս նաեւ հանդիպել ենք Եվրամիության դեսպանի հետ, որն առաջարկել է իրենց ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցությանը վերաբերող առաջարկներ»:

Մասնակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղում հաշվառված պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվելիք քայլերի մասին: ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի խոսքով այսօր թե' ԼՂ-ի եւ թե' Հայաստանի սահմաններին գտնվող մշակութային ժառանգությունը հատուկ կառավարման եւ ներկայացման կարիք ունի: Այս համատեքստում բանախոսն առաջարկել է ստեղծել Հայաստանի լավագույն մասնագետներից կազմված գիտավարչական կենտրոն, որն այս ասպարեզում կիրականացնի մշակութային քաղաքականություն:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների կորցրած սեփականությունը շուտափույթ եւ ճշգրիտ գույքագրելու գործընթացի մեկնարկին, փոխհատուցմանը, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների հայաստանյան բուհեր ներգրավմանը, նրանց նկատմամբ արտոնությունների սահմանմանը, վարձավճարների երկարաժամկետ փոխհատուցմանը:

Նշվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 19-ից հետո Հայաստան եկած արցախցի յուրաքանչյուր ուսանողի տրամադրվելու է մինչեւ 70 հազար դրամ` ուսման եւ այլ ընթացիկ ծախսերը հոգալու համար: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը բռնի տեղահանված արցախցիների առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում կարեւորել է միջազգային գործընկերների աջակցությունը:

Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին բարձրացված հարցերի վերաբերյալ բազմաթիվ դիրքորոշումներ եւ առաջարկներ ներկայացնելու համար եւ նշել, որ դրանք մանրամասն ուսումնասիրելուց հետո կփոխանցվեն Հայաստանում ԵՄ պատվիրակությանը: Հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ անհրաժեշտություն կա նմանատիպ քննարկում կազմակերպելու նաեւ պետական մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: