Ինչպե՞ս է Հայաստանում սպառման աճը «համակերպվում» արտադրության հետ․ Կենտրոնական բանկի 2024 թ․ կանխատեսումը

Ինչպե՞ս է Հայաստանում սպառման աճը «համակերպվում»  արտադրության հետ․ Կենտրոնական բանկի 2024 թ․ կանխատեսումը

Անհնար է երկարաժամկետ զարգացման մոդել կառուցել ռելոկանտների (վերաբնակիչների) և հիփոթեքի սպառողական պահանջարկի վրա: Այդ իսկ պատճառով Կենտրոնական բանկի համար կարևոր է տեսնել՝ արդյո՞ք բիզնեսը «խժռում» է ավելացած եկամուտը, թե՞ ներդրումներ է կատարում արտադրողականությունը բարձրացնելու համար։

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի սպասումների՝ 2024 թվականին երկրում սպառումը կսկսի աստիճանաբար մոտենալ  տնտեսության ներուժին։ Ընթացիկ տարվա արդյունքներով Կենտրոնական բանկը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 7% աճ, իսկ 2024 թվականին՝ 5,6%, ի տարբերություն կառավարության  7% կանխատեսմանը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Կենտրոնական բանկը կոչ է անում հույս չդնել ռելոկանտների և պետական ​​աջակցությամբ հիփոթեքային վարկերի վրա հիմնված «սպառողական տնտեսության» վրա։

Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների՝ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում երկրի տնտեսության պատկերը չի փոխվի. աճի հիմքում նախկինի պես կլինեն սպասարկման ոլորտները (ռուսաստանցիների այցելությունների հաշվին) և շինարարությունը (նորակառույցներում բնակարանների գնման վարկային արտոնությունների հաշվին): Այս իներցիայով պայմանավորված՝ երկրում շարունակում է աճել նաև սպառողական վարկերի ծավալը (ըստ ԿԲ-ի, տարվա առաջին 9 ամիսներին՝ գրեթե 19%-ով)։ Սա մեծապես պայմանավորված է հիփոթեքային շուկայում նշված ակտիվությամբ. ակնհայտ է, որ բնակարան գնողները պետք է այնտեղ վերանորոգում իրականացնեն, գնեն կահույք և տեխնիկա, ուստի նրանցից շատերը, հիփոթեքային վարկերի հետ մեկտեղ, վերցնում են նաև սպառողական վարկեր։

«Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ 2024 թվականին մենք կմոտենանք մի իրավիճակի, երբ 2022-23 թվականներին զգալիորեն ավելացած պահանջարկը կճշգրտվի և կմոտենա այն մակարդակին, որը կարող է ապահովել տնտեսության ներուժը», - ասաց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին նշեց, որ անհրաժեշտ է վերլուծել, թե որքանո՞վ է Հայաստանի սպասարկման ոլորտում առկա պահանջարկը հանգեցրել ոլորտի տեխնոլոգիական վերազինման։

«Մեր երկրում սպասարկման ոլորտը դարձել է «դե ֆակտո» արտահանման ոլորտ, քանի որ այն օգտագործվում է ոչ ռեզիդենտների կողմից: Այժմ անհրաժեշտ է տեսնել, թե ինչպե՞ս է այս ոլորտում փոխվել արտադրողականությունը», - ասաց Մարտին Գալստյանը։

Նույնը վերաբերում է շինարարական (այդ թվում՝ ճանապարհաշինական) ընկերություններին, որոնց առջև բացվել է պետպատվերով աշխատանքի մեծ հնարավորություն, որը սակայն մեծամասամբ մնում է չօգտագործված։  2023 թվականի առաջին կիսամյակում պետական ​​ծրագրերով կապիտալ ծախսերի իրականացումն աննախադեպ ցածր է եղել՝ ընդամենը 52,6% (222 մլրդ դրամից մոտ 117 մլրդ դրամ, այսինքն՝ մոտավորապես $290-ը՝ $550 մլն-ից)։

«Կառավարության գործընկերները մեզ վստահեցնում են, որ չիրականացված աշխատանքների զգալի մասը կիրականացվի չորրորդ եռամսյակում։ Այս ամենով հանդերձ կարևոր է հասկանալ, թե որքանո՞վ են ոլորտի ընկերությունները պատրաստ ներդրումներ կատարել իրենց սարքավորումների արդիականացման համար, որպեսզի ավելացնեն ոչ միայն աշխատանքների ծավալն, այլ նաև բարձրացնեն դրանց արտադրողականությունը», - նշեց Գալստյանը։

Երկարաժամկետ զարգացման համար, իհարկե, անհարժեշտ  է մշակող արդյունաբերության արդիականացումը, և այստեղ Կենտրոնական բանկի համար կարևոր է տեսնել սարքավորումների արդիականացման պետական ​​աջակցության արդյունքները (վարկերի տոկոսների սուբսիդավորման և դրանց ձեռքբերման լիզինգի տեսքով»,- նշել է ԿԲ ղեկավարը։

Որակական աճ է նկատվում ՏՏ ոլորտում (այդ թվում՝ ժամանած օտարերկրյա մասնագետների շնորհիվ)։ Այժմ կարևոր է դա տեսնել  նաև այլ ոլորտներում, եզրափակեց Մարտին Գալստյանը։