9 ամիս անցումային ժամանակ և 5 տարի ժամկետ․ նոր փոփոխություններ քաղաքաշինության ոլորտի կազմակերպությունների լիցենզավորման գործընթացում

9 ամիս անցումային ժամանակ և 5 տարի  ժամկետ․ նոր փոփոխություններ քաղաքաշինության ոլորտի կազմակերպությունների լիցենզավորման գործընթացում

2022 թվականին քաղաքաշինության կոմիտեն իրականացրեց օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են կազմակերպությունների լիցենզավորման և մասնագետների հավաստագրման գործընթացներին։

Նոր օրենքով սահմանվել են քաղաքաշինական գործունեության հինգ տեսակներ՝ քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, փաստաթղթերի փորձաքննություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետազննման և հետախուզման ծառայությունների մատուցում։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում մանրամասնում է՝ նախկինում միատեսակ լիցենզիա տրամադրելու փոխարեն կազմակերպություններն այժմ լիցենզավորվելու են ըստ դասերի:

Օբյեկտների ռիսկայնության հիման վրա սահմանվել է 3 դաս առաջին դասի չափանիշներին բավարարող կազմակերպություններն իրավունք կունենան իրականացնելու ցանկացած բարդության քաղաքաշինական գործունեություն. 1-5-րդ աստիճանի ռիսկայնության բոլոր օբյեկտներն՝ առանց սահմանափակումների: Երկրորդ՝ միջին դասի կազմակերպություններին կտրվի իրավունք իրականացնելու մինչև 3-րդ, իսկ 3-րդ դասին՝ 1-ին և 2-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների քաղաքաշինական գործունեություն:

«Կարևորագույն կարգավորումը՝ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների դասակարգման և պատասխանատու մասնագետների ըստ կարգերի բաժանման փոփոխություններն են,: Քաղաքաշինության բնագավառում պատասխանատու մասնագետից, այսինքն՝ շինարարական, նախագծային կամ փորձագիտական ընկերություններում ղեկավար ինժեներական անձնակազմից, շատ բան է կախված: Սակայն մինչ այս չենք ունեցել նրանց հավաստագրման մեխանիզմ: Բացի բարձրագույն կրթությունից, մասնագետից պահանջվելու է շարունակական մասնագիտական զարգացում՝ իրազեկված լինելու նոր նյութերից, տեխնոլոգիաներից, նորմերից: Իրավունքներից բացի սահմանել ենք պատասխանատվության միջոցներ՝  նպաստելու, որ նրանք աշխատանքն ավելի լավ, պատասխանատու ձևով իրականացնեն:»,– ասաց նա։

Փոփոխությունների հիմնական նպատակը, ըստ կոմիտեի նախագահի առաջին տեղակալի, քաղաքաշինության ոլորտում գործունեության կանոնակարգումն է։ Օրենսդրական այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 17-ից։ Լիցենզավորված գործող կազմակերպություններին կտրվի 9 ամիս ժամանակ, որի ընթացքում էլեկտրոնային եղանակով կկազմակերպվի վերալիցենզավորման անցումային գործընթացը «Ավելի քան 3800 լիցենզիա ու 7000 ներդիր կա տրամադրված։ Առաջին քայլով պետք է կարողանանք արդեն լիցենզավորված ընկերություններին վերալիցենզավորել ու տրամադրել նոր կարգավորումներով լիցենզիաներ։ Պետք է իրենց աշխատանքը գնահատենք՝ ո՞ր դասի լիցենզիային է համապատասխանում»։

Ընկերությունների լիցենզավորումից առաջ պետք է իրականացվի մասնագետների հավաստագրումը: Մասնագետները պետք է հավաստագրվեն իրենց փորձի, մասնագիտական գիտելիքի, հետագայում էլ շարունակական մասնագիտական զարգացման արդյունքում: Նրանց նույնպես տրվելու է 9 ամիս ժամանակ հավաստագրվելու համար: Այնուհետև կազմվելու է միջոցառումների 5-ամյա ծրագիր. տեսական ու գործնական տարբեր դասընթացների ու վերապատրաստումների միջոցով մասնագետները կրեդիտներ են հավաքելու, որ կարողանան հաջորղ 5 տարիների համար հավաստագիր ստանալ:

Անցումային փուլում կազմակերպությունները պետք է դիմեն՝ գործող լիցենզիան, նոր օրենսդրության համաձայն, համապատասխան դասի լիցենզիայով փոխարինելու համար, այլապես անցումային փուլի ավարտից հետո օրենքի ուժով այն կդադարի գործել: Լիցենզավորման և մասնագետների հավաստագրման գործընթացներն իրականացվելու են urban.e-gov.am հարթակում՝ նվազեցնելով մարդկային գործոնը և կրճատելով փաստաթղթաշրջանառությունը: Թե՛ լիցենզիան, թե՛ մասնագետի հավաստագիրը տրվելու են 5 տարի ժամկետով, ոչ թե անժամկետ: Սքանավորելով էլեկտրոնային հավաստագրի կամ լիցենզիայի QR կոդը պատվիրատուները կամ քաղաքացիները կարողանալու են հավաստիանալ դրանց վավերականության մասին:

Ձևավորվելու են կազմակեպությունների և մասնագետների տվյալների էլեկտրոնային ռեեստրներ: Ռեեստրում ամփոփվելու են կազմակերպությունների կատարած աշխատանքների մասին տվյալները: Կապ է ստեղծվելու պետական այլ կառույցների էլեկտրոնային համակարգերի հետ: Ռեեստրը կօգնի մասնագետներին ու պատվիրատուներին ընտրել իրենց համապատասխան մասնագետին

«Նախատեսված է մասնագետների հավաստագրման համար ձևավորել որակավորման հանձնաժողով, որտեղ որոշումները կայացնելու են մասնագիտական հանրության ներկայացուցիչները։ Հանձնաժողովի, 8 անդամից միայն երկուսն են կոմիտեից լինելու , մյուս անդամները լինելու են մասնագիտական, կրթական կազմակերպությունների և անհրաժեշտության դեպքում պետական այլ մարմինների ներկայացուցիչներ։ Իսկ կազմակերպությունների լիցենզավորման հանձնաժողովը եթե նախկինում թղթային տարբերակով էր ուսումնասիրում հայտերը և եզրակացություն տրամադրում, ապա այժմ բոլոր բոլոր գործընթացներն  առցանց հարթակում են կատարվում։»,– նշեց նա։

Նոր գործընթացներին ոլորտի կազմակերպություններին նախապատրաստելու համար Քաղաքաշինության կոմիտեն սկսել է մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիր urban.e-gov.am հարթակում: Զուգահեռաբար իրազեկման հանդիպումներ են իրականացվում ոլորտի ներկայացուցիչների հետ: