ԿԽՄԿ աշխատակիցները սեպտեմբերի վերջից ԼՂ 48 բնակչի օգնել են Հայաստան տեղափոխվել

ԿԽՄԿ աշխատակիցները սեպտեմբերի վերջից ԼՂ 48 բնակչի օգնել են Հայաստան տեղափոխվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները սեպտեմբերի վերջից սկսած օգնել են Հայաստան տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի 48 բնակչի, ովքեր նման ցանկություն են հայտնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Փոխադրումը կազմակերպվել է նրանց ցանկությամբ, այդ թվում՝ հարազատների հետ վերամիավորվելու նպատակով», – նշեց Ամատունին:     

Նա նաև ընդգծեց` խոսքը սեպտեմբերի վերջից հոկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածի մասին է։
Ավելի վաղ ԿԽՄԿ օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը հայտարարել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մարդասիրական օգնություն է տրամադրում նրանց, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում այն բանից հետո, երբ այն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Դրանից առաջ ԿԽՄԿ–ն Լեռնային Ղարաբաղում նկարահանված տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են ԿԽՄԿ թիմի անդամները շրջում բնակավայրերում` փնտրելով այնտեղ մնացած մարդկանց, որպեսզի հոգան նրանց հումանիտար առաջնային կարիքները։ Նկարահանումները կատարվել էին 10-13–ն ընկած ժամանակահատվածում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։