Yandex Go-ն կաջակցի Հայաստանի բարեգործական կազմակերպություններին՝ յուրաքանչյուր 10 կմ-ի համար փոխանցելով 5 դրամ

Yandex Go-ն նոյեմբերը հայտարարում է հայաստանյան բարեգործական կազմակերպությունների աջակցության ամիս։ Հավելվածի ցանկացած օգտատեր կարող է միանալ այս նախաձեռնությանը։
Դուք ևս կարող եք միանալ բարի գործին, ընդ որում՝ առանց ձեր սովորույթները փոխելու: Բավական է ուղևորություններ կատարել ուրբաթ օրերին։
Ակցիան տարածվում է Yandex Go-ի բոլոր ուղևորափոխադրման սակագների վրա, բոլոր այն քաղաքներում, որտեղ գործում է ծառայությունը:
Yandex Go-ն ուրբաթ օրերն իրականացված ուղևորությունները կհաշվի և յուրաքանչյուր 10 կմ-ի համար իր հաշվից 5 դրամ կհատկացնի բարեգործական կազմակերպություններին։ Հավաքված գումարը կփոխանցվի գործընկեր կազմակերպություններին՝ «Հայ մայրեր», «VIVA», «Ժպիտների քաղաք» և «Շտապիր դեպի բարին»։
Ակցիան կգործի ամբողջ ամիս: Արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 28-ին՝ «Առատաձեռն երեքշաբթի» օրը, երբ աշխարհի բոլոր երկրներում մարդիկ պատմում են, թե ինչպես և ում են օգնում, իսկ ոչ առևտրային կազմակերպություններն ու գործարար համայնքը միավորվում են բարեգործական միջոցառումներ անցկացնելու նպատակով:
«Արցախից տեղահանված անձանց մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում առկա խնդիրներից մեկը շարունակական և համակարգային օգնության տրամադրումն է հատկապես խոցելի խմբերին։ Բեռների, դեղորայքի արագ առաքումը, ինչպես նաև կամավորների օպերատիվ տեղաշարժը աջակցության արդյունավետության գրավականն է: Շնորհակալություն ենք հայտնում Yandex Go-ին բարեգործական նախաձեռնություններին աջակցելու համար»,-ասում է VIVA հիմնադրամի համահիմնադիր, ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը:
Ավելին՝ b24.am