Հավասար և արդար մրցակցային միջավայրը տնտեսական զարգացման անհրաժեշտ պայման է. Մհեր Գրիգորյան

Հավասար և արդար մրցակցային միջավայրի ստեղծումն ու դրա հետևողական խթանումը տնտեսական զարգացման անհրաժեշտ պայման է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 55-րդ նիստի շրջանակներում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Հավասար և արդար մրցակցային միջավայրի ստեղծումն ու դրա հետևողական խթանումը տնտեսական զարգացման անհրաժեշտ պայման է, հետևաբար ողջունում եմ այս նպատակին ուղղված ցանկացած միջոցառում, այդ թվում՝ Հայաստանում ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստի անցկացումը»,- պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքում նշել է փոխվարչապետը։
Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար Գեղամ Գևորգյանը կարևորեց այս տնտեսական հարթակի դերը ԱՊՀ-ում մրցակցության արդար պայմանների ապահովման գործում՝ նշելով, որ մրցակցային մարմինների ղեկավարների հետ ձևավորվել են արդյունավետ գործնական և ջերմ մարդկային հարաբերություններ:
«Քննարկվել են շուկաների հետ կապված հարցեր, այդ թվում թվային շուկան, էներգետիկ շուկան: Երեկ ունեցանք բիզնես հատվածի հետ հանդիպում: Բիզնեսը բարձրաձայնեց իրեն հուզող հարցերը ոչ միայն մրցակցային ոլորտի, այլ նաև պետական գնումների հետ կապված հարցերի վերաբերյալ: Այն հասցեագրեցինք ԵԱՏՄ-ին, որն իր հերթին պատրաստակամություն հայտնեց լուծել այդ խնդիրները: Օրինակ՝ հավասար պայմաններով մեծ դեղագործական ընկերություններից դեղեր ձեռք բերելու օրակարգային հարցը փորձում ենք համատեղ լուծել: Մեր տնտեսվարողները դեղերը ձեռք են բերում շատ ավելի թանգ գներով, որը վերջնարդյունքում նաև Հայաստանի սպառողին է հասնում բարձր գնով»,- տեղեկացրեց Գևորգյանը:
Նրա խոսքով՝ թվային հարթակներում՝ Amazon, Yandex, Wildberries, միասնական մոտեցում ձեռք բերելու որոշում է կայացվել՝ համատեղ վարույթներ իրականացնելու նպատակով: Գևորգյանը շեշտեց՝ այդ հարթակների վերաբերյալ վարույթները բավականին բարդ են: Ուզում են պայմաններ ստեղծել, որպեսզի այդ հարթակները մրցակցային կանոններով աշխատեն, այսպիսով հնարավոր խախտման դեպքում տեղեկատվություն ունենան և վարույթ իրականացնեն:
Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովը նշեց՝ Հայաստանի հետ իրենց առևտրաշրջանառությունը տարեցտարի աճ է գրանցում:
«Մենք սերտ համագործակցում ենք տնտեսական զարգացման, հակամենաշնորհային կարգավորման ոլորտներում և կարևոր է պահպանել թափանցիկություն ու ազատ մրցակցությունը, պաշտպանել տնտեսվարողների և սպառողների իրավունքները ԵԱՏՄ շրջանակում: Այս հանդիպումները կարևոր են նաև փորձի փոխանակման և խնդիրների վերաբերյալ միանման մոտեցումներ ցուցաբերելու առումով: ԵԱՏՄ ընդհանուր շուկայում մենք չպետք է խանգարենք միմյանց և պետք է գործի խաղի ընդհանուր կանոններ»,- հավելեց Բոգդանովը:
ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկին ասաց, որ Հայաստանի մրցակցային մարմնի փորձը մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում: Նրա խոսքով՝ Հանձնաժողովի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվում մրցակցության պաշտպանության զարգացման ուղղությամբ, մասնավորապես վերջին տարիներին չափազանց կարևոր օրենսդրական փոփոխություններ են իրականացվել:
«Քանի որ այսօր աշխարհաքաղաքական փոփոխությունների և կլիմայական փոփոխությունների պայմաններում աշխարհի և մեր տարածաշրջանի տնտեսական աշխարհագրությունը սրընթաց վերափոխվում է, կարևոր է, որ հակամենաշնորհային մարմինները ձեռքը պահեն զարկերակի վրա և ժամանակին մշակեն միջոցառումների համալիր, որոնք անհրաժեշտ են մեր տնտեսությունների անխափան կենսագործունեության համար»,- ասաց ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովը։
Նիստին մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական Ալյանսի ներկայացուցիչներ: