Երևանի կենտրոնի շուրջ 40 փողոցներում ու պողոտաներում որոշակի ժամերին կարգելվի բեռնատարների երթևեկությունը

Երևանի կենտրոնի շուրջ 40 փողոցներում ու պողոտաներում որոշակի ժամերին կարգելվի բեռնատարների երթևեկությունը

Երևանի կենտրոնի բեռնաթափման համալիր ծրագրով առաջիկայում Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը առավելագույնը 2.5 տոննա բեռնվածության զանգված ունեցող բեռնատարների համար: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն: Նախագիծը ներառում է նաև կայանատեղիների որոշակի և՛ գնային, և՛ գոտիավորման վերանայում:  

«Սա մի ճանապարհ է, որով բոլորս միասին պետք է անցնենք՝ հանրային գրագետ հաղորդակցություն ապահովելով: Մարդիկ կարող են մտածել, որ ինչ-որ բան են թանկացնում, որպեսզի ավելի գումար հավաքեն, բայց իրականությունն այն է, որ Երևանի փոքր կենտրոնն ուղղակի արդեն ֆիզիկապես իր բեռնվածությամբ անանցանելի է դառնում և սկսած կենտրոնից մենք որոշակի կարգավորումներ պետք է ստեղծենք՝ զուգահեռաբար զարգացնելով հանրային տրանսպորտը: Հանրային տրանսպորտը Երևանում պետք է ունենա առավելություն, և մարդիկ օգտվելիս պետք է վստահ լինեն, որ դա ավելի շահեկան է և՛ ֆինանսական, և՛ ժամանակի խնայողության տեսանկյունից»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: